Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը տակնուվրա արեց ոչ միայն քաղաքական դաշտը, այլ նաև քաղաքացիական հասարակությունն ամբողջապես։ Նախորդ իշխանությունների տարիներին քաղաքացիական հասարակությունը բավական կայացել էր և այս սեկտորի ներկայացուցիչները կարողանում էին արագ կողմնորոշվել ու միասնական արձագանքել տարբեր հարցերի։
2018 թվականի հեղափոխությունը ոչ միայն փոխեց իրերի դրությունը, այլև տարավ քաղաքացիական հասարակության ամենավառ դեմքերին՝ նրանք մաս կազմեցին նոր կառավարությանը, Ազգային ժողովին։ Մի մասն էլ շարունակում է մնալ հասարակական դաշտում, բայց ըստ էության ծառայություններ է մատուցում գործող իշխանություններին, ինչը դեմ է քաղաքացիական հասարակության սկզբունքներին։
Նախորդ տարվա իրադարձությունները նաև ակնհայտ դարձրեցին մի հանգամանք ևս՝ քաղաքացիական հասարակության շատ ու շատ ակտիվ դեմքեր, ովքեր օրակարգ էին ստեղծում, իրականում նվիրված չէին ժողովրդավարության սկզբունքներին։ Նրանք այդքան էլ դեմ չեն անօրինականությանը, եթե այն իրենց սիրելի գործիչների կողմից է իրականացվում։ Վառ օրինակ էր ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսումը, որի բովանդակությունը ակնհայտ օրինախախտումների մասին էր վկայում։ Բայց քանի որ խոսքը քաղաքացիական հասարակության կողմից չսիրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին էր շատերը լռեցին և աչք փակեցին աղաղակող անօրինականության վրա։
Հեղափոխության այս ավելի քան մեկ ու կես տարին, սակայն ապացուցեին, որ քաղաքացիական հասարակությունը ամբողջովին չի ջլատվել և կան անկեղծ գործիչներ, որոնց համար կարևոր է իրավունքը և օրինականությունը։ Նրանք իհարկե քիչ են, բայց արժե առանձնացնել և հասարակաությանը ներկայացնել նրանց գործունեությունը։
Politik.am-ը առանձնացրել է քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, ովքեր իշխանափոխությունից հետո ևս շարունակում են նվիրված լինել մարդու իրավուքններին և անտարբեր չեն ցանկացած իրավունքի խախտման, անգամ, եթե այն վերաբերվում է նախկին իշխանությունների ներկայացուցիչներին։
Այս շարքում առաջիններից պետք է հիշատակել «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանին։ Նա լրագրող է և իրավապաշտպան։ Արման Ղարիբյանը այս տարիներին կարողացել է օբյեկտիվ և անաչառ իրավապաշտպանի հեղինակություն ձեռք բերել։
Հաջորդ իրավապաշտպանը Նինա Կարապետյանցն է՝ «Հելսինկյան ասոցացիայի» նախագահ։ Նա մասնագիտությամբ փաստաբան է և երկար տարիներ տարբեր գործերով իրավական աջակցություն է տրամադրել դրա կարիքն ունեցող քաղաքացիների։ Նինա Կարապետյանցը նաև հեղափոխության գործընթացի ակտիվ մասնակից է, բայց դա չի խանգարում նրան այսօր էլ նկատել նոր իշխանությունների բացթողումներն ու սխալները։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանին ևս կարելի է համարել քաղաքացիական հասարակության հիմնասյուններից։ Նա նախորդ իշխանության տարիներին անխնա քննադատել է պետության կողմից թույլ տրված մարդու իրավուքնների խախտումները։ Ավետիք իշխանյանը նախկինում հաճախ է խոսել բանակում առկա ոչ իրավական հարաբերություններից, նախկին իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող գեներալների անօրինականություններից։ Այս ամենը, սակայն, Ավետիք Իշխանյանին չխանգարեց քննադատել նաև նոր իշխանություններին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ արձանագրված իրավունքի խախտմանն արձագանքել և օբյեկտիվ գնահատական տալ իրավիճակին։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի անդամ Զարուհի Հովհաննսիյանը ևս հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր։ Նախորդ իշխանության տարիներին Հովհաննիսյանը եղել է քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներից, որ երիտասարդներին և հատկապես կանանց մոտիվացրել է, որպեսզի զբաղվեն իրենց իրավուքնների պաշտպանությամբ։ Զարուհի Հովհաննիսյանն այն եզակիներից էր, որ իշխանափոխությունից հետո մաս չկազմեց իշխանության, չդարձավ նաև իշխանության շահերը սպասարկող իրավապաշտպան։ Հովհաննիսյանն այն քչերից է, որ քննադատում է իշխանության կողմից թույլ տրված սխալները։
Այս ցանկը թերևս ավարտենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցով։ Այս իրավապաշտպանը ևս երկար տարիներ զբաղվել է քաղաքացիների իրավուքնների պաշտպանությամբ։ Սաքունցի թիրախում են եղել հատկապես բանակին առնչվող խնդիրները և ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Արթուր Սաքունցը ևս հեղափոխության ակտիվ աջակիցներից է եղել, բայց դա չի խանգարել արձագանքել նոր իշխանությունների կողմից թույլ տրված իրավախախտումներին։ Իրավախախտումներ, որոնք առնչվում էին նախկին իշխանությունների ներկայացուցիչների, որոնք իրենց իշխանության տարիներին ամեն կերպ խոչընդոտել են իրավապաշտպանի գործունեությանը։
Իհարկե այս ցանկը կարող է ամբողջական չլինել։ Գուցե կան այլ իրավապաշտպաններ ևս, ովքեր շարունակում են նվիրված մնալ մարդու իրավուքնների պաշտպանության սկզբունքին։ Իրավապաշտպաններ, ում համար կարևոր չէ, թե ում իրավունքն է խախտվում, բայց նրանց մասին այս պահին մենք չունենք տեղեկություններ։



