Իրաքը օրական 90 հազար բարել նավթ է ուղղում դե...

Իրաքը սկսել է օրական մոտ 90 հազար բարել նավթ տեղափոխել Բասրայի հարավային նահանգից դեպի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջան՝ Միջերկրական ծովում Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ խողովակաշարով հետագա վերամղման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Basra Oil Company նավթընկերության ղեկավար Բասեմ Աբդել Քերիմ Նասերը։

«Սկսվել է Բասրայից դեպի Քիրքուքում գտնվող North Oil Company-ի պոմպակայաններ օրական մոտ 90 հազար բարել նավթի վերամղման հատուկ գործողությունը», - բացատրել է Նասերը։ Նա հավելել է, որ այս քայլն ուղղված է «իրաքյան նավթի արտահանման վերաբաշխմանը հյուսիսային երթուղով»։ Basra Oil Company-ի ղեկավարը հայտնել է, որ «հումքի ընդհանուր ծավալը, որը կփոխադրվի (Իրաքից) Թուրքիայի Ջեյհան, կավելանա օրական մինչև 340 հազար բարել»։