Իրանը քննարկում է սփյուռքի ներդրողներին զինվորական ծառայությունից ազատելու ծրագիր՝ արտասահմանում բնակվող հարուստ իրանցիներից զարգացման ծրագրերի համար ավելի մեծ ֆինանսավորում ներգրավելու ջանքերի շրջանակում, հայտնում է Mehr-ը։
Իրանի ներդրումների, տնտեսական և տեխնիկական օգնության կազմակերպության (OIETAI) ղեկավար Մեհդի Հեյդարին երեքշաբթի օրը հայտարարել է, որ արտերկրում բնակվող իրանցիների համար զինվորական ծառայության պահանջներից ազատումը երկրի քաղաքականության մի մասն է՝ սփյուռքից ավելի շատ ներդրողներ ներգրավելու համար։
«Շատ իրանցի ներդրողներ բնակվում են արտերկրում։ Մենք հատուկ մեթոդներ ենք օգտագործում նրանց ներդրումները ներգրավելու համար», - ասել է Մեհդի Հեյդարին։
Հեյդարին ասել է, որ ոչ մի այլ երկիր նման երաշխիքներ չի տրամադրում արտերկրում բնակվող ներդրողներին՝ հավելելով, որ կառավարությունը նպատակ ունի հավաստիացնել արտերկրում բնակվող իրանցիներին, որ իրենց ներդրումների նախագծերը բարձր շահութաբեր կլինեն և կապահովեն արտարժույթի եկամուտ։
Նա ասել է, որ նոր ծրագիրը հիմնականում ուղղված կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում, Չինաստանում և Հնդկաստանում բնակվող իրանցիներին։



