
Իրանը պատրաստ է համագործակցել Սիրիայի զինված ուժերի հետ։ Այս մասին Թեհրանում Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, հաղորդում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստ է արդիականացնել կրթական համագործակցությունը սիրիական զինված ուժերի հետ, այդ թվում՝ հրամանատարաշտաբային կուրսերում։
Նա ընդգծել է Սիրիայի եւ Իրանի միջեւ պաշտպանական եւ ռազմական համագործակցության զարգացման կարեւորությունը։
Ալի Մահմուդ Աբբասը, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Սիրիային ԻՊ-ի եւ ահաբեկիչների դեմ պայքարում: «Սիրիայի ժողովուրդը երբեք չի մոռանա Իրանի արժեքավոր աջակցությունն ու օգնությունը՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի գլխավորությամբ, ահաբեկիչների դեմ պայքարում։ Տարածաշրջանում, այդ թվում՝ Պաղեստինում դիմադրության շարժումներին Ձեր օգնությունն անվիճելի փաստ է եւ առաջացրել է Իսլամական ումմայի թշնամիների պարտությունն ու զայրույթը»,-նշել է նա։