Իրանի գյուղատնտեսության նախարար Ղոլամռեզա Նուրին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն է ունեցել երկրում հիմնական ապրանքների և պարենի մատակարարման կարողության վրա։ Նա դա բացատրել է երկրի ներքին արտադրության կայունությամբ և ներմուծման այլընտրանքային ուղիներով։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
«Չնայած ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակմանը, մենք խնդիր չունենք հիմնական ապրանքներ և սնունդ մատակարարելու հարցում։ Երկրի հսկայական չափերի շնորհիվ՝ մենք կարող ենք ներմուծել տարբեր սահմանային անցակետերով», - հայտարարել է նախարար Նուրին։
Նա նաև նշել է, որ «թշնամիները գործում են առանց սկզբունքների, ուստի իրենք պատրաստ են ամենավատ սցենարին»։
«Այնուամենայնիվ, քննարկվել են հոռետեսական սցենարներ, և ձեռնարկվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ։ Սա կարող է հանգեցնել ծախսերի և գների աճի, բայց պարենային անվտանգության և սննդի հասանելիության սկզբունքին սպառնալիքներ հիմնականում չկան, և երկրի դիմադրողականությունը գյուղատնտեսության ոլորտում բարձր է», - պարզաբանել է նախարարը։
«Գյուղատնտեսական արտադրանքի և հիմնական ապրանքների մոտ 85 տոկոսն արտադրվում է ներքին շուկայում, ուստի երկրի պարենային անվտանգությունն ապահովված է», - հավելել է նա։
Իրանի հետ հրադադարի հայտարարումից մի քանի օր անց ԱՄՆ-ն ապրիլի 13-ին ռազմածովային շրջափակում է սահմանել Իրանի նավահանգիստների նկատմամբ։ Իրանը խստորեն քննադատել է շրջափակումը՝ այն որակելով որպես հրադադարի խախտում։
Երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին. ԱՄՆ նախագահը հայտարարել է այն երկարաձգելու մասին։



