
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին ասել է, որ երկիրը բաց է մնում անուղղակի բանակցությունների համար՝ չնայած Վաշինգտոնի ներկայիս դիվանագիտական մոտեցումը մերժելուն, հաղորդում է Mehr-ը։
«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի վարքագծի մեջ, հոգեբանական պատերազմն է, որը խթանում է «կամ պատերազմ, կամ բանակցություններ» քաղաքականությունը՝ ԱՄՆ պաշտոնյաների հակասական ուղերձների միջոցով», - ասաց նա SCFR-ին:
Խարազին բացատրել է, որ ԱՄՆ պաշտոնյաների այս հակասական ազդանշանները, ներառյալ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ու Իրանին ուղղված նրա վերջին նամակը, ռազմավարության մի մասն են, որն ուղղված է «Իրանում շփոթություն, կեղծ լավատեսություն և բևեռացում ստեղծելուն»:
Սա, նրա խոսքով, ստիպեց ոմանց ենթադրել, որ Թրամփն իսկապես ձգտում է բարելավել հարաբերությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև:
Այնուամենայնիվ, Խարազին կասկածի տակ է դրել ԱՄՆ ռազմավարության իրական մտադրությունները, որոնք, ըստ նրա, բանակցությունների հրավեր էին աճող տնտեսական պատժամիջոցների և ռազմական սպառնալիքների ստվերում:
Նա զգուշացրել է, որ նման բանակցությունները զուրկ են հստակ սկզբունքներից, և, ելնելով անցյալի փորձից, նրանց վստահել չի կարելի։
Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում դուրս բերեց ԱՄՆ-ն Իրանի միջուկային համաձայնագրից, որը ստորագրել էր իր նախորդը՝ Բարաք Օբաման 2015 թվականին, և առավելագույն ճնշում գործադրեց Իսլամական Հանրապետության նկատմամբ՝ տնտեսական պատժամիջոցների և դիվանագիտական մեկուսացման տեսքով: Թրամփը վերականգնեց իր այս քաղաքականությունը հունվարին իր երկրորդ ժամկետի մեկնարկից անմիջապես հետո, բայց դրանից հետո պատրաստակամություն հայտնեց նոր գործարք կնքել:
«Այս ռազմավարության արդյունքը ոչ այլ ինչ է, քան մյուս կողմի պահանջների պարտադրումը հարկադրանքի և ահաբեկման մթնոլորտում»,- ասել է Հարազին։
«Եթե պարոն Թրամփը հասկանար Իրանը և իրանական ոգին, նա դասեր կքաղեր անցյալից և այլ կերպ կվարվեր՝ անկեղծորեն կամ նույնիսկ գործնական, Իրանի և ԱՄՆ-ի միջև պատմական խնդիրները լուծելու համար՝ ելնելով իր երկրի տնտեսության շահերից»,- հավելել է նա։
Խարազին ընդգծել է, որ Թրամփը մինչ այժմ պետք է հասկանար, որ Իրանի ժողովուրդը երբեք չի ենթարկվի ճնշման կամ հարկադրանքի, այլ դրականորեն կարձագանքի խոնարհությանը և ազնվությանը։
Սակայն, ինչպես հաստատել է Խարազին, Իրանը չի փակել բոլոր դռները և բաց է մնում անուղղակի բանակցությունների համար՝ գնահատելու դիմացինին, ներկայացնելու իր պայմանները և համապատասխան որոշումներ կայացնելու համար։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին բացառել էր ճնշումների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ վկայակոչելով Վաշինգտոնի իր պարտավորությունները խախտելու պատմությունը: