
Իրանը չի վերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ այնքան ժամանակ, մինչև Վաշինգտոնը չհրաժարվի չափից մեծ պահանջներից, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Մենք չենք վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ այնքան ժամանակ, մինչև ամերիկացիները չհրաժարվեն իրենց ագահ քաղաքականությունից և չդադարեն մեզ առաջադրել անհիմն պահանջներ», - ասել է նա։
Ինչպես նշել է Արաղչին, ավելի վաղ Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցությունները, ներառյալ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած շփումները, դադարեցվել են և առաջ չեն ընթացել հենց ամերիկյան կողմի չափից մեծ պահանջների պատճառով։
Հոկտեմբերի 20-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանը շարունակում է Վաշինգտոնի հետ հաղորդագրությունների փոխանակումը միջնորդների միջոցով, բայց դրանք բանակցություններ անվանելը վաղաժամ է։
2025 թվականին ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ Իրանի բանակցությունների հինգ փուլերն ավարտվել են անարդյունք՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական գործողությունների և Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի զինված ուժերի հարվածների պատճառով։ Սեպտեմբերի 23-ին Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը չի համապատասխանում Իսլամական Հանրապետության ազգային շահերին, քանի որ բանակցությունները, որոնք ԱՄՆ-ն ցանկանում է և որոնց մասին ասում է, «թելադրանք են, այլ ոչ թե երկխոսություն»: