Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ, բայց ինչպես նախկինում, չի դիտարկում ուրանի հարստացումից լիակատար հրաժարումը: Այս մասին CNN-ին ասել է Իրանի գերագույն առաջնորդի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդական Քամալ Խարազին։
«Նրանք պետք է անեն առաջին քայլը՝ ցույց տալու համար, որ պատրաստ են համագործակցել մեզ հետ մեր կողմից առաջադրվող պայմաններով…. Սա պետք է հիմնված լինի իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա», - ասել է նա։
«Ցավոք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում դիվանագիտական փոխգործակցությանը, այլ նախընտրում է ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար», - հավելել է Խարազին։
Նա ընդգծել է, որ Իրանի պայմանները բանակցություններ վարելու համար մնում են անփոփոխ՝ Թեհրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից կամ իր բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրից։
Հունիսին CNN-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնն առաջարկել է միջուկային գործարք, որի համաձայն ԱՄՆ-ն ներդրում կանի Իրանի քաղաքացիական միջուկային էներգետիկայի ծրագրում և կմիանա մի կոնսորցիումի, որը կհսկի Իրանում ցածր ակտիվությամբ ուրանի հարստացումն անորոշ ժամանակաշրջանում: Այս հնարավոր կոնսորցիումի մեջ, ԱՄՆ-ի պլանի համաձայն, կարող են մտնել Մերձավոր Արևելքի երկրները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ):
Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք բաց են ուրանի հարստացման կոնսորցիում ստեղծելու գաղափարի համար, բայց պնդել են, որ Իրանը պետք է հնարավորություն ունենա վերահսկելու իր սեփական ուրանի հարստացման կարողությունները:



