
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կաթնամթերքի հայկական շուկան կարծես թե հայտնվում է խոցելի վիճակում։ Մեզ ահազանգեր են հասնում, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։ Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։
Մասնավորապես՝ ՌԴ համապատասխան մարմինները մի քանի անգամ խոսել են խնդրի մասին, նույնիսկ պահանջել, որ Իրանում արտադրվող կաթնամթերքի գործարաններում տեղադրվեն տեսախցիկներ, որպեսզի ռուսական կողմը կարողանա հսկել ապրանքի արտադրության ընթացքը։ Ակնհայտ է, որ խնդիր նկատվել է ռուս մասնագետների կողմից, ու ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կաթնամթերքի որոշակի խմբաքանակների մուտքը ՌԴ եւս արգելվել է «պարսկական սերուցքի» պատճառով։
Ոլորտի մասնագետների (որոնք չցանկացան բաց խոսել) շրջանում մեր իրականացրած հարցման արդյունքում՝ հանգում ենք նախնական եզրակացության, որ «պարսկական սերուցքով» պատրաստվող կաթնամթերքն անհամեմատ ավելի էժան է ստացվում, սակայն, ըստ էության, ժողովրդական լեզվով ասած՝ «բնական ու մաքուր չէ», առավել եւս, եթե համեմատելու լինենք տեղական կամ տնական մաքուր պայմաններում ստացված բնական մթերքի հետ։ Մաքսային մարմինների մեր աղբյուրները փոխանցեցին, որ սերուցք իսկապես բերվում է, ու գալիս է շատ տարբեր ընկերությունների ու նույնիսկ անհատների միջոցով, եւ ամենայն հավանականությամբ, այդ ապրանքի շարժը դժվար է լինում վերահսկել. կարճ ասած՝ պարզ չէ՝ այդ սերուցքով ՀՀ-ում կարա՞գ է պատրաստվել, թե՞ թթվասեր, կամ միգուցե այն վերաարտահանվե՞լ է։
Տեղական, հատկապես փոքր ու միջին խանութներում համեմատաբար էժան կաթնամթերք վաճառող ընկերությունների անմեղության կանխավարկածը չխախտելու համար, այս փուլում զերծ կմնանք անուններ հրապարակելուց։ Պատրաստվում ենք թեմայի շրջանակում խորքային հետաքննություն սկսել ու պատկան մարմիններին հարցումներ ուղարկել՝ պարզելու՝ արդյոք հանրային առողջությանը սպառնացող վտանգ կա։ Սպառողն իրավունք ունի իմանալու իր կողմից գնվող ապրանքի հիմքի ծագման երկիրը, տեղեկանալու՝ արդյոք պետությունն ի վիճակի է վերահսկել շուկան, եւ թե որ ընկերություններն են իրենց արտադրանքի հիմքում օգտագործում ներմուծված հումք։
Հ. Գ. թեմայի ուսումնասիրության ընթացքում սննդի անվտանգության ոլորտով հետաքրքրված մասնագետներից մեկը տեսանյութ ուղարկեց, որտեղ, ըստ ներկայացվող տեղեկության, պատրաստվում է կաթ. դա արվում է՝ ջրի մեջ խառնելով ինչ-որ հեղուկ։ Ըստ նմանաբովանդակ տեսանյութերի՝ հատկապես Չինաստանում այն շատ տարածված մեթոդ է «կաթ» ստանալու համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: