Իրանի հրթիռային կայանքների կեսը և հազարավոր ա...

Իրանի հրթիռային կայանքների կեսը և հազարավոր անօդաչու թռչող սարքերը դեռևս գործում են, չնայած ամերիկա-իսրայելական շարունակվող հարվածներին: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի հետախուզության տվյալներին իրազեկ աղբյուրների։

«Հետախուզության վերջին գնահատումների համաձայն՝ Իրանի հրթիռային կայանքների մոտավորապես կեսը դեռևս անվնաս է, և հազարավոր կամիկաձե դրոններ մնում են Իրանի զինանոցում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից վերջին հինգ շաբաթվա ընթացքում ռազմական թիրախներին հասցված ամենօրյա հարվածներին», - նշում է հեռուստաալիքը։

CNN-ի աղբյուրների խոսքով՝ այս բոլոր միջոցներն «առաջվա պես պատրաստ են քաոս տարածել ամբողջ տարածաշրջանում»։

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ-ի հետախուզության գնահատումների մեջ, հնարավոր է, ներառված են նաև այն արձակման կայանքները, որոնք ներկայում հասանելի չեն, օրինակ՝ հարվածների հետևանքով ծածկվել են հողով, բայց չեն ոչնչացվել։

Միևնույն ժամանակ, հազարավոր իրանական ԱԹՍ-ներ՝ դրանց ընդհանուր ներուժի մոտավորապես 50%-ն, ըստ աղբյուրների, դեռևս գոյություն ունեն։

Վերջին օրերին հավաքված հետախուզական տվյալների համաձայն՝ Իրանի առափնա պահպանության ծառայության թևավոր հրթիռների մեծ մասը նույնպես անվնաս է։ CNN-ը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ այս հրթիռները «թույլ են տալիս Իրանին սպառնալ նավագնացությանը Հորմուզի նեղուցում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրթիռների և անօդաչուների արձակման Իրանի հնարավորություններն «զգալիորեն կրճատվել են» փետրվարի 28-ից մեկնարկած ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։