Իրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի համար կարող...

Իրանի հետ հակամարտության ընդհանուր ծախսերը կարող են կազմել 1 տրիլիոն դոլար: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Հարվարդի Քենեդիի դպրոցի փորձագետ Լինդա Բիլմսի գնահատումը:

Փորձագետը հաշվի է առել ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարի ծախսերը: Մասնավորապես, ԱՄՆ-ն մեկ տարի չէ, որ ստիպված կլինի վերականգնել զինամթերքի, այդ թվում՝ բարձր ճշգրտության զենքի պաշարները։ Այսպես, օգտագործված մեկ Tomahawk հրթիռի արժեքը ներկայում գնահատվում է 2 միլիոն դոլար, բայց դրա փոխարինումը կարող է արժենալ արդեն մինչև 3,5 միլիոն դոլար:

Հակամարտության մեջ օգտագործվող տեխնիկայի, այդ թվում՝ ավիակիրների խմբերի միջնաժամկետ և երկարաժամկետ սպասարկումը առաջիկա չորս-հինգ տարիներին կարող է կազմել տասնյակ և նույնիսկ հարյուրավոր միլիարդ դոլար:

Բացի այդ, ԱՄՆ-ն ստիպված կլինի ապահովել սոցիալական պարտավորություններ հակամարտությանը մասնակցող 55 000 զինվորականների համար:

Փորձագետը նաև հաշվի է առել հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ինչն արդեն հանգեցրել է վառելիքի և ապրանքների գների բարձրացման հենց Միացյալ Նահանգներում: Այսպես, բացառված չէ, որ մեկ գալոն (3,79 լիտր) բենզինի միջին գինն ԱՄՆ-ում մոտ ժամանակներս կարող է բարձրանալ և հասնել 5 դոլարի։

Մայիսի 12-ին Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքն արդեն մոտենում է 29 միլիարդ դոլարի։ Այդ գումարը ներառում է սարքավորումների վերանորոգման և փոխարինման, ինչպես նաև տարածաշրջանում անձնակազմի պահման գործառնական ծախսերը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 8-ին կնքվել է երկշաբաթյա հրադադար, որն այնուհետև անորոշ ժամկետով երկարաձգվել է։ Պակիստանի միջնորդությամբ կողմերի միջև բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել։