Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելն անդառնալի պարտություն է կրել թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Այաթոլա Խամենեին Իսրայելին հասցրած ՀԱՄԱՍ-ի հարվածը համեմատել է երկրաշարժի հետ։
«Կարող եմ ասել, որ այս ավերիչ երկրաշարժը կարողացավ ոչնչացնել բռնատիրական ռեժիմի հիմնական կառույցներից մի քանիսը, որոնք չեն կարող հեշտությամբ վերակառուցվել», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերի ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ։
Իսկ Իսրայելի դեմ գործողությունը ծրագրած պաղեստինցիներին այաթոլա Խամենեին բնութագրել է որպես «հնարամիտ և խելացի», իսկ ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար մեղադրել է հենց Իսրայելին։
«Սիոնիստներն իրենք իրենց գործողություններով այս աղետը բերեցին իրենց գլխին։ Երբ դաժանությունն ու հանցագործությունը գերազանցում են սահմանը, երբ վայրագությունը հասնում է իր գագաթնակետին, պետք է սպասել փոթորկի», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը։
Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։
Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։