Պատերազմն ու մեզ պատուհասած անհաջողությունները ոչ մի կերպ չեն փակում չարախոսների բերանը, որոնք ամեն կերպ փորձում են պառակտել հասարակությունը, և ջլատելով մեր ուժերը, հաղթանակ նվիրել մեր թշնամիներին։
Շաբաթներ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Արթուր Վանեցյանի կոչով հավաքվեց զորախումբ՝ հանուն Արցախի պաշտպանության։ Այդ մասին հայտնի դառնալուց հետո հայտնվեցին քարոզչական խմբեր, որոնք ղեկավարվում են հայտնի շրջանակների կողմից (ռազմական դրության մասին օրենքը թույլ չի տալիս հրապարակել նրանց անունները), և որոնք սկզբում պնդում էին, որ «Հայրենիք» զորախումը չի գնում Արցախ, երբ զորախումբն արդեն Արցախում էր, սկսեցին տարածել լուրեր, որ այն չի մասնակցում մարտական գործողություններին, երբ զորախումը Շուշիի ամենաթեժ կետերում էր, սկսեցին տարածել «լուրեր», որ զորախումն այդպես էլ Շուշի չի գնացել։
Ինչ խոսք, սկզբում բավական զվարճալի էր լսել այս ամենը, երբ ինքդ զորախմբի կազմում ես, ու ամեն անգամ տուն զանգելով, լսում ես տարածվող ցնդաբանությունների մասին լուրեր։ Այս լուրերը սկզբում նման էին Ալիևի քարոզչամեքենայի այն պնդմանը, ըստ որի՝ իրենք մեր զորախումն «ամբողջապես ոչնչացրել են»։
Ի վերջո, տեսնելով Հայաստանում ստեղծված վիճակը, երբ ամենահիմար լուրերն արմատանում են հասարակության մեջ, որոշեցի մի փոքր խոսել զորախմբի մասին, որի կազմում Արցախում եմ եղել։
Առաջինը, որ պետք է նկատել, այն է, որ զորախմբի բոլոր անդամներն անվերապահորեն վստահում էին հրամանատարությանը, և մասնավորապես, գեներալ Վանեցյանին։ Հակառակը չէր էլ կարելի պատկերացնել, երբ գեներալը զորախմբի կազմում, որպես շարքային զինծառայող, բերել էր նաև իր որդուն՝ Արտյոմ Վանեցյանին։ Նա, ի դեպ, ի տարբերություն այլ նախկին ու ներկա պաշտոնյաների որդիների՝ «Գրադ» կայանքի համազարկի կամ մեր դիրքերի արկակոծման դեպքում պատսպարվում էր, քանի որ այդպես են անում բոլոր գիտակից զինծառայողները, ու նրա մասին դուք երբեք չեք լսի բժիշկների ու պատգամավորների հեքիաթանման պատմություններ։ Այս արձանագրումն էլ ամենևին չի առանձնացնում նրա դերը զորախմբի կազմում, սա միայն փաստ է, որը խոսում է Արթուր Վանեցյանի մարդկային կերպարի մասին։
Նրանք, ովքեր տարածում են «Հայրենիք» զորախմբի Շուշիում չլինելու մասին, վստահաբար լավ գիտեն, որ զորախումբն Արցախում լինելու հենց առաջին օրը եղել է Շուշիում և մասնակցել է մարտական գործողությունների։ Այդ գործողությունների ընթացքում զորախմբի մի քանի անդամներ բեկորային և հրազենային վիրավորումներ են ստացել։
Շատ այլ բաներ կան արված «Հայրենիք» զորախմբի և մասնավորապես գեներալ Վանեցյանի ջանքերով, որոնց մասին իրավասություն չունեմ բարձրաձայնելու, բայց վստահեցնում եմ ձեզ, որ արվածն արժանվույնս գնահատվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կողմից, ում աչքի առաջ է բոլորի կատարած աշխատանքը։
Կարող էի, իհարկե, չգրել այս մասին, բայց պարտավոր եմ գրել, քանի որ նույն այդ սրիկաները, որոնք հիմա լծված են գեներալ Վանեցյանին թիրախավորելու գործին, երկուսուկես տարի թիրախավորել են բոլոր արժանի գեներալներին և հրամանատարներին։ Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր հասարակությունը կուլ տվեց այդ խայծը ու թուլացրեց իր զինվորական էլիտայի մեջքը։ ՈՒ հիմա, մինչ գեներալ Օհանյանը պաշտպանում է Շուշին, նրան թիրախավորողները շարունակում են սոցիալական ցանցերում հանգիստ իրենց մաղձը թափել՝ այժմ արդեն թիրախում ունենալով գեներալ Վանեցյանին։
Պատահական չէ նաև, թե ինչու են հենց այս օրերին ակտիվացել Հայաստանի թշնամիները։ Նրանք լավ են հասկանում, որ օրհասական այս պահին գեներալ Վանեցյանը և այլ հեղինակավոր անձիք կարևոր դեր են կատարելու մեր երկրի փրկության համար։ Ահա սա է պատճառը, որ Հայաստանի թշնամիներն օր առաջ ցանկանում են լուծել նրանց հարցը ու հանգիստ քանդել մեր անկախ պետականությունը։
Հ․Գ․ Արթուր Վանեցյանը, որպես քաղաքական գործիչ, երբեք իմ իդեալը չի եղել, բայց որպես սպա, որպես գեներալ՝ նա միանշանակ հրաշալի դիրքեր ունի։ Վանեցյանը հայ սպայի իդեալական կերպար է, ու, վստահաբար, նրան դեռ մեծ աշխատանք է սպասվում՝ հանուն Հայրենիքի։
Բորիս Մուրազի
լրագրող
«Հայրենիք» զորախմբի անդամ



