Իրականացնելու ենք «արտադրված է Հայաստանում» ք...

Հայաստանին անհրաժեշտ է մրցունակ ու բարգավաճող գյուղատնտեսություն։ Այս մասին«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ հայտարարել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Խաչատրյանը հիշեցրել է, որ 1998 թվականին գյուղերում իրավիճակն ավելի վատ է եղել, քան քաղաքներում․ կոլտնտեսությունները քայքայվել էին, չկար ո՛չ տեխնիկա, ո՛չ սերմացուի ֆոնդ, սակայն ճիշտ քաղաքականության շնորհիվ գյուղը կարողացավ «շունչ քաշել»։

«Հիմա մենք 25 տարի հետ ենք գնացել։ Գրչի մի հարվածով գյուղատնտեսության նախարարությունը քանդվեց։ Մեր վարելահողերի կեսից ավելը չի մշակվում։ Դրա համար սենց հորթի հրճվանքով ասում են վա՜յ Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն ենք ներմուծել։ Սա երկար շարունակվել չի կարող», - ընդգծել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ քաղաքականությունն ուղղված է լինելու գյուղատնտեսության եկամտաբերության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և գյուղում կյանքի որակի բարելավմանը։ «Չես կարող առանց կալոշների գյուղում քայել։ Անհրաժեշտ է, որ մարդիկ մնան գյուղում, ամրապնդեն մեր սահմանները», - նշել է պատգամավորը։

Նա նկատել է, որ այսօր հողակտորները հիմնականում փոքր են, ինչը թանկ ու բարդ է դարձնում դրանց մշակումը։ «Մենք խթանելու ենք կոոպերացիան և հողերի խոշորացումը՝ սեփականության իրավունքի պահպանմամբ»,- պարզաբանել է Խաչատրյանը՝ հավելելով, որ պետությունն աջակցելու է գյուղացիներին՝ բարձրարժեք սերմեր, տնկիներ ու տոհմային անասուններ ձեռք բերելու հարցում։ Քանի որ գյուղատնտեսությունը գիտատար ոլորտ է, գյուղացիներին կտրամադրվի նաև խորհրդատվական օգնություն։ Ծրագրով նախատեսվում է մինչև 15 միլիոն դրամի արտոնյալ՝ զրոյական տոկոսադրույքով վարկավորում, շուկայականից էժան վառելիք ու սերմացու, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ներդրում, ինչպես նաև իրացման ու արտահանման հարցերով աջակցություն։ Իսկ ռազմավարական նշանակության մթերքների համար կսահմանվի լավագույն գինը։

Խաչատրյանի փոխանցմամբ՝ գյուղացու աշխատանքը կապահովագրվի 4 ուղղություններով։ «Չի կարող մարդը մի ամբողջ տարի չարչարվել, ու հանկարծ կարկուտի, վնասատուների կամ ցրտահարության պատճառով ամեն ինչ կորչի։ Պետությունը մտադիր է սուբսիդավորել հակակարկտային կայանների ձեռքբերումը»,- նշել է պատգամավորը։

Արթուր Խաչատրյանը հավելել է նաև, որ ծրագիրը հնգամյա է, սակայն դրա ազդեցությունը երկարաժամկետ կլինի։