Միքայել Մինասյանի քաղաքական ակտիվությունը որե...

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի աշխատանքը եղել է ավելի քան բավարար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Նշենք, որ Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։

Հարցին՝ ինչո՞ւ Վիկտոր Մնացականյանը հրաժարական տվեց, փոխքաղաքապետն ասաց,

«Կարծում եմ՝ պարոն Մնացականյանն իր հրաժարականի պատճառները շատ հստակ նշել է։ Դրան չվստահելու, չհավատալու առիթ չունենք։ Ոչ մի տարաձայնություն չենք ունեցել, վստահեցնում եմ։ Իմ գնահատմամբ, Վիկտոր Մնացականյանի աշխատանքը եղել է ավելի քան բավարար։ Պարոն Մնացականյանը չի ասել, որ հեռանում է պետական համակարգից, նա ասել է, որ ուզում է իր գիտելիքները ներդնել այլ ոլորտում»։

Փոխքաղաքապետն ասաց, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակելու է քաղաքապետ Հայկ Մարությանը. «Այս պաին չի քննարկվել դա, քանի որ քաղաքապետն արձակուրդում է»։

Հարցին՝ արդյոք Վիկտոր Մնացականյանի աշխատանքից ազատվելը պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջին շրջանում քաղաքական ակտիվություն է ցուցաբերում, իսկ նա Մնացականյանի քավորն է, փոխքաղաքապետն ասաց.

«Միքայել Մինասյանի քաղաքական ակտիվությունը որեւէ աղերս չունի քաղաքային իշխանությունների լիազորությունների եւ գործողությունների հետ»։