«Ճապոնիայի նոր կայսրը կճաշի արեւի աստվածուհու հետ»: «Հռոմի Սրբազան Քահանայապետը բախում է դրախտի դարպասները»Այս երկու արտահայտությունները առաջին հայացքից մի փոքր տարօրինակ են ու հասկանալի։ Նույնիսկ ոմանց համար կարող են թվալ ծիծաղելի։ Սակայն իրականում երկու դեպքում էլ գործ ունենք կրոնական ենթաշերտ ունեցող եի դիվանագիտական, նաեւ՝ պետական արարողակարգ մուտք գործած երկու կարեւոր տերմինների հետ։ Առաջին դեպքում խոսքը այն մասին է, որ Ճապոնիայի նոր կայսրը շարունակում է գահակալական ծիսակատարությունները եւ հասել է հերթական հանգրվանին, իսկ երկրորդ արտահայտությունը սովորաբար կիրառվում է այն դեպքում, երբ գահակալող Սրբազան Քահանայապետը արդեն մահանում է եւ հոգեվարքի մեջ է։
Ինքնին հասկանալի է, որ երկու դեպքում էլ գործ ունենք կրոնական խորը արմատներ ունեցող կապակցությունների հետ ու սրանց իմաստը հասկանալ կարելի է, եթե գոնե նվազագույն պատկերացումներ ունի կարդացողը ճապոնական կրոնական-մշակութային-էթնիկ համակարգի մասին եւ ապա երկրորդ դեպքում՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ուսմունքի մասին։
Կրոնը վաղուց արդեն դուրս է եկել սոսկ հավատքա-հոգեբանական կյանքի ոլորտ լինելու շրջանակից։ Այն նաեւ մշակույթ է, նիստուկաց, կենցաղավարություն, բարոյական արժեհամակարգ, նաեւ՝ քաղաքականության, տնտեսական կյանքի, սոցիալական ոլորտի, իրավական համակարգի, պետական հարաբերությունների մաս։ Սա իրականություն է, որից անհնարին է փախչել։ Իսլամն արգելում է վաշխառությունը։ Բանկային –ֆինանսական գործունեությունը ինքնին ունի վաշխառուական տարրեր իր մեջ։ Իսլամը հարցը լուծել է «իսլամական բանկինգ» հասկացությամբ, որը ընդգծում է ստացած շահաբաժնից սոցիալական ծրագրերի վրա ծախսեր կատարելու գաղափարը։ Քրիսոնետության մեջ էլ հասարակության հանդեպ խոշոր ընկերությունների ունեցած կորպորատիվ պատասխանատվությունը, կամ սոցիալական բիզնես կոչվածը նույն հարցի լուծման տարբերակներից են, ավելի կոնկրետ՝ բիզնեսի եւ բարեգործության համատեղելիության եզրեր գտնելու փորձ են իրականում։
Այժմ ակտիվորեն քննարկվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից հանելու հարցը։ Կարելի է եւ հանել ինչու ոչ։ Սակայն դրա փոխարեն պետք է անպայման ընդհանուր կրոնների պատմության ու տեսության մասին դասաժամ ու առարկա սահմանել։ Սա հենց այնպես արվող քայլ չէ։ Սա լուրջ ռազմավարական քայլ է, որը դեռ դպրոցից դաստիարակում է կրոնական էթնիկ ու մշակութային պլյուրալիզմն ընկալել կարողացող քաղաքու, ով կարող է հանգիստ ու խաղաղ գոյակցություն ապահովել պահպանելով սեփականը եւ հարգելով ուրիշինը։
Ի դեպ, այսօր հայկական համացանցային սեգմենտում տարածվեց լուր, որ Հնդկաստանում կա մի տղա, որը ունի կապիկի պոչի նման պոչիկ ու այժմ մեծ ուխտագնացություններ են կազմակերպվում նրան տեսնելու համար, քանի որ շատ հնդիկներ նրան նմանեցնում է Հանուման աստծուն եւ համարում նրա վերամարմնավորումը։
Պատկերացրեք հնդիկ որեւէ ուսանող նման բանի մասին խոսի հայ ուսանողի մոտ։ Բայց մարդու կրոնական համոզմունքն է մշակույթը ու պարտավոր ենք եթե նույնիսկ չեն ընկալում, գոնե հարգանքով լսել, անցնել առաջ, եթե իհարկե գիտենք, թե Հանումանն ինչ կարեւորություն ունի հնդկական կրոնական համակարգերում։



