Այն բանից հետո, երբ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանի մասին վերջին բացահայտումներն արեց, կապված Արարատ Միրզոյանի՝ ՀՀ ԱԱԾ եւ թուրքական հատուկ ծառայությունների գործակալ լինելու հետ, մամուլում միանգամից ֆիքսվեց, որ այս քայլով Արարատ Միրզոյանի քաղաքական կենսագրության վրա մեծ խաչ դրվեց։ Սա հատկապես հետաքրքիր բացահայտում էր այն ֆոնին, որ բավական համառ լուրեր էին պտտվում, որ հենց Միրզոյանն է, ով կարող է փոխարինել Փաշինյանին վարչապետի պաշտոնում, եթե Նիկոլ Փաշինյանը իհարկե հրաժարական տա եւ ժամանակավոր անցումային շրջան սկսվի մինչեւ նոր ընտրություններ։
Բացահայտումներն ինչ խոսք, իշխանության ներսում եղած քաոսը խորացրեց, սակայն ամեն բան շատ ավելի ինտրիգային դարձավ, երբ մամուլում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, որ իշխանության ներսում «սեւ կարդինալ» կա ի դեմս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ով էլ ըստ մամուլում շրջանառվող լուրերի կանգնած է Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու հետ կապված վերջին շոկային բացահայտումների հետեւում։ Եթե այս տեղեկությունները ճիշտ են, ապա Տիգրան Ավինյանին հաջողվեց, մեղմ ասած՝ իր ամենահավանական մրցակից Արարատ Միրզոյանին չեզոքացնել եւ բացել ճանապարհը դեպի իշխանություն՝ մեկ մրցակցի էլ շարքից հանելով։ Բանն այն է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների ՀՀ ԱԱԾ գործող պետ Ա․ Աբազյանը գտնվում է հենց Տիգրան Ավինյանի ազդեցության ներքո, եւ ենթարկվում է նրան։
Եթե դա այդպես է, ապա կարելի է պատկերացնել, թե որպես փաստ սա որքան է խոցում Փաշինյանին, ով ներկայումս գտնվում է այնպիսի անկայուն ու հեղհեղուկ վիճակում, որ պատրաստ է նույնիսկ սեփական հայելային արտացոլանքին մեղադրել իր դեմ դավադրություն նյութելու մեջ։ Սակայն նաեւ այն, որ նա չի կարողանում օրինակ Աբազյանին դուրս բերել Ավինյանի ազդեցության ուղեծրից, արդեն նշանակում է, որ Փաշինյանն ընդհանրապես իրավիճակին տիրապետելուց եւ դրության տերը լինելուց շատ հեռու է։ Իհարկե, նա հասկանում է, որ սա շատ վատ է եւ մեծ հաշվով Ավինյանը սեփական խաղն է խաղում եւ կուզենար չեզոքացնել հենց Ավինյանին։
Սակայն արի ու տես, որ չի կարողանում։ Հաշվի առնելով, որ գործող իշխանության համար կոմպրոմատային պատերազմը նախընտրած գործելաոճ է, կարելի է եզրակացնել, որ Ավինյանն ամենայն հավանականությամբ, ունի լուրջ կոմպրոմատներ Փաշինյանի վրա, ինչն էլ ստիպում է, որ Փաշինյանը Ավինյանին հանդուրժի կառավարության կազմում՝ փոխվարչապետի պաշտոնում։ Ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ կոմպրոմատ հավաքելը կամ կուտակելը առանձնապես բարդ բան չէ։



