Ինչու է Փաշինյանը դրժում խոստումը և Թորոսյանի...

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող թիմում շատերն են անակնկալի եկել Արսեն Թորոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ գործադիր՝ սոցապնախարարի պաշտոն տեղափոխվելու փաստից։ Խոսքը հատկապես ՔՊ վերին էշելոնի «նեղ կռուգի» մասին է, որտեղ գիտեին, թե ինչպես է Փաշինյանը Թորոսյանին գործադիրից ճամփել։

Հայտնի է, որ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը նրան վարչապետի աշխատակազմի ղեկավար էր նշանակել, սակայն նրա աշխատանքից այնքան է դժգոհ եղել, որ ազատելիս գրեթե բառացի սպառնացել է․ «Դու այլեւս գործադիրում պաշտոն չես զբաղեցնելու»։

Դրանից հետո տեւական ժամանակ քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործով անցնող Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» էր, բայց, ըստ ամենայնի, կարողացել է վերականգնել վստահությունը, քանի որ կուրորեն եւ անձնուրաց ծառայում է Փաշինյանին եւ հատկապես վերջին մեկ տարում ամենակեղտոտ հայտարարությունների առաջամարտիկն է, ռեկորդակիրը, թելում է Փաշինյանի ասեղը թե՛ հակաարցախյան, թե՛ հակաեկեղեցական, առհասարակ՝ բոլոր հարցերում։

Իշխող թիմում կարծում են, որ Փաշինյանը Թորոսյանի նշանակումով հետեւյալ ուղերձն է փոխանցում իրենց՝ ով անմնացորդ ծառայի, պաշտոն կունենա, եւ կներվեն բոլոր մեղքերը։ Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն էլ գործուղվում է ԱՄՆ՝ դեսպանի կարգավիճակով։