Ինչու է ԱՄՆ-ը սահմանային տարածքները տալիս զին...

ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը Ռազմածովային ուժերի նախարարությանը կփոխանցի Կալիֆոռնիա նահանգի՝ Մեքսիկայի հետ սահմանի մի մասի տարածքների ղեկավարումը՝ այնտեղ «ազգային պաշտպանության գոտի» ստեղծելու համար։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ 

Խոսքը վերաբերում է մոտավորապես 3 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքին՝ Սան Դիեգոյի և Իմպերիալի շրջաններում։ Օտեյ լեռան շրջանում արգելոցային գոտու արևմտյան սահմանից մինչև Արիզոնայի հետ սահմանի արևմտյան մասը ձգվող հատվածը Ռազմածովային ուժերի իրավասությանը կփոխանցվի երեք տարով։ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ այդ միջանցքն անօրինական ներգաղթի հիմնական երթուղիներից մեկն է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև իր իշխանության գալն անօրինական կերպով ԱՄՆ է ժամանել մոտ 25 միլիոն մարդ։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս հանդես է եկել  ներգաղթային քաղաքականության խստացման օգտին։ Իր երդմնակալությունից հետո նա ստորագրել է հրամանագիր՝ Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: