Հայաստանի գործող իշխանությունների սխալների հետ կապված քննադատությունների պակաս կարելի է ասել՝ չկա։ Խոսքը հուզական հայտարարությունների մասին չէ, այլ բովանդակային քննադատությունների։
Կարծես թե այս մասով ամեն բան հասկանալի է։ Սակայն որքան էլ տաօրինակ կհնչի, չկա քննադատություն ընդդիմության գործողությունների հետ կապված, հատկապես այն ընդդիմությանլ որը արդեն տեւական ժամանակ փողոցում է եւ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ փաստացի՝ գրեթե անարդյունավետ։ Մինչդեռ նույն ընդդիմությունը պակաս էական սխալներ չի գործում, արդյունքում տալով հնարավորություն իշխանություններին ժամանակ ձգելու եւ մանեւրելու։
Խնդիրը փողոցային պայքարի մեջ չէ, այլ շատ ավելի գլոբալ։ Բանն այն է, որ որքան էլ փողոցային պայքար լինի այսօր Հայաստանում, միեւնույնն է, իշխանափոխության փողոցի միջոցով հայաստանյան ներկա իրականության պայմաններում՝ անհնար էր։ Դա հնարավոր էր միայն նոյեմբերի 9-ի հայտնի Հայտարարության ստորագրման գիշերը, հայտնի դեպքերի ֆոնին, բայց դա չեղավ եւ արձանագրենք՝ պահը բաց է թողնված՝ անդառնալիորեն։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է հիմա հասնել փողոցով իշխանափոխության, սակայն դրա համար պետք են մի շարք պայմաններ, որոնք չկան այսօրվա Հայաստանում։
Նախ՝ եւ իշխանությունները եւ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը փաստացի կերպով գտնվում է աշխարհաքաղաքական նույն ուժային կենտրոնի ազդեցության տիրույթում։ Կապ չունի, օրինակ, Նիկոլ Փաշինյանը երազում է արդյոք լինել Սահակաշվիլի եւ Հայաստանը հանել ռուսական ազդեցությունից, ինչպես Միխեիլ Սահակաշվիլին արեց Վրաստանի պարագայում։ Նիկոլ Փաշինյանի հոգու խորքի տենչանքները քաղաքական կատեգորիա չեն, որովհետեւ անկախ այդ տենչանքներից, դա փաստացի անել գոնե առաջիկա 5-10 տարում հնարավոր չէ եւ Փաշինյանը հիմա նույնիսկ ղեկավար էլ չէ, այլ Հայաստանի նահանգապետ՝ Մոսկվայի աչքում, ինչպես որ գեներալ Մուրադովն է Արցախի գեներալ-նահանգապետը, իսկ Արայիկ Հարությունյանը նրա մոտ նախագահ է աշխատում։ Ընդ որում, ինչը չափազանց կարեւոր է, Նիկոլ Փաշինյանը՝ ռուսների համար իր ողջ անընդունելիությամբ հանդերձ, այն գործիչն է, որը չունենալով որեւէ սկզբունք, պատրաստ է սպասարկել ռուսական շահերը։ Այո, այո, հենց ռուսական շահերը, որովհետեւ հասկանում է, որ հակառակ պարագայում նրան կմնա ժամանակ վարչապետի աթոռին նստելու ճիշտ այնքան ժամանակ, որքան ժամանակ որ հարկ կլինի հրաժարականի թուղթ գրելու համար՝ անկախ իր ցանկությունից։
Ինչ-ինչ, սակայն սեփական քաղաքական շահերը կոշտ մեթոդներով առաջ մղել ռուսները կարողանում են ու եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը մի քիչ շեղվի այն գծից, որը գծվել է իր համար, ապա կգտնվի գործիքակազմ, նրա «վախը չափելու» եւ հերթական «անառակ որդու վերադարձը» կազմակերպելու։
Ընդդիմությունը, որն այսօր փողոցում է, ոչ պակաս, քան Նիկոլ Փաշինյանը գտնվում է ռուսական գծի մեջ։ Այ եթե օրինակ ընդդիմությունը լիներ ընդգծված ամերիկյան գծի մեջ, կամ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ ամերիկամետ քաղաքական գիծ տաներ առաջ, ապա արդեն զուտ աշխարհաքաղաքական առճակատման համատեքստում հնարավոր էր Հայաստանում հասնել փողոցային իշխանափոխության երկրորդ անգամ։ Փողոցային քաղաքական պայքարը կարճաժամկետ արդյունավետություն իհարկե ունի, սակայն ինչպես ասում են՝ «հարցեր լուծել» չի կարող։
Հայաստանում նոր իշխանափոխությունը նույնիսկ արտահերթ ընտրությունները երաշխավորել չեն կարող, եթե մի պարզ հանգամանք հաշվի չառնվի՝ արտաքին քաղաքական եւ աշխարհաքաղաքական մակարդակներում եթե ընդդիմությունը չսկսի օգտվել Փաշինյանի գործիքակազմի որոշ գործիքներից։ Աշխարհի համար, մեծ հաշվով միեւնույնն է, թե Հայաստանում ով կլինի իշխանության ղեկին՝ Նիկոլ Փաշինյանը, Վազգեն Մանուկյանը, թե Բաբկեն Թունյանի հայտնի հարեւան Պողոսը։
Կարեւորը աշխարհի համար այլ է՝ հարգվի միջազգային իրավական փաստաթղթերի տակ Հայաստանի դրած ստորագրությունը, երաշխավորվի արտաքին արդեն ներդրված միջոցների կենսունակությունը, աշխատանքը եւ դարձելիությունը եւ նաեւ՝ ձեւավորվի ընկալում, որ ենթադրենք՝ Բաբկեն Թունյանի հայտնի հարեւան Պողոսի հետ եթե աշխատեն, ապա ավելի հեշտ կլինի որ պրոդուկտիվ, քան հիմա Նիկոլ Փաշինյանի հետ է։ Այ այս հարցերը եթե ընդդիմությունը լուծի, կհասնի հաջողության։ Հակառակ պարագայում, քանի դեռ միայն այս առումով Փաշինյանն է իր «կառոննի տուզը» խաղացնում, բան չի փոխվի։