Չնայած սահմանների անհանգիստ վիճակին, իշխանություններն առաջիկայում նոր դիտարժան տեսարաններով, ըստ ամենայնի կփորձեն շեղել հասարակության ուշադրությունը։ Այն, սակայն չի լինի «մասկի շոուների» կամ նոր քրգործերի տեսքով։ Ավելի շատ դիտարժան տեսարանները կապված կլինեն գործադիր իշխանության ձեւավորման, միջին չինովնիկության մեջ կադրային ջարդի իրականացման հետ։
Մասնավորապես, առաջիկայում կհանգուցալուծվի ԱԳ նախարարության շուրջ ստեղծված ինտրիգային վիճակը, եւ պարզ կդառնա, թե ով է դառնալու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Ենթադրաբար նոր ԱԳ նախարար կլինի Արարատ Միրզոյանը, իսկ Արմեն Գրիգորյանը չի դառնա նախարար, քանի որ, ամենայն հավանականությամբ, այսպես ասած՝ «սորոսական» թեւի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի մասով վերապահումներ կան Մոսկվայի կողմից։
Հայաստանը կունենա նոր դեսպան Միացյալ Նահանգներում՝ ի դեմս Լիլիթ Մակունցի։ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին եւ նրա ընտանիքի ամենամոտ մարդկանցից մեկը օրենսդիր մարմնից անցում կկատարի գործադիր՝ դիվանագիտական կորպուս։
Ընդհանուր առմամբ, դատելով մամուլի հրապարակումներից, Փաշինյանը որոշել է իր ամենից մերձավոր ու հավատարիմ մարդկանց իր հետ տանել գործադիր ու չթողնել օրենսդիրում, որտեղ ըստ ամենայնի կրքեր են եռալու, եթե հաշվի առնենք, որ ընդդիմությունը փոխվել է եւ անլեզու հին ընդդիմության փոխարեն, նոր «լեզվանի» ընդդիմություն է գալիս խորհրդարան։
Արդեն հայտնի է առանցքային մեկ այլ պաշտոնի հավակնորդի անունը․ Պնախարարությունը կվստահվի Արշակ Կարապետյանին, իսկ ԳՇ-ն էլ ըստ մամուլի հրապարակումների, կմիանա նախարարությանը։ Երեկ հրաժարական տված արդեն նախկին Պնախարար Վաղարշակ Հարությունյանի ճակատագիրը դեռ անհայտ է։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա կգնա ԱԽ քարտուղար, իսկ մյուսի համաձայն՝ Ռուսաստանում ՀՀ դեսպան։
Հետաքրքիր է լինելու, թե ով է զբաղեցնելու ԱԽ քարտուղարի պաշտոնը, եթե հանկարծ Վ․ Հարությունյանը գնա Մոսկվա որպես դեսպան։ Սա կարեւոր պաշտոն է, որը զբաղեցնողը պետք է հնարավորինս ընկալելի լինի Ռուսաստանի կողմից՝ ներկայիս իրողությունները հատկապես, եթե հաշվի առնենք։ Մնացած պաշտոններից կարեւոր է մյուս ուժայիններում առաջին դեմքերի ով լինելը, իսկ արդեն մնացած պորտֆելները Փաշինյանը կարող է բաժանել սրտի ուզածի պես։



