Ինչպես էր Նժդեհին ֆաշիստ համարող Անդրեասյանը...

Երբ 2019 թվականին Ժաննա Անդրեասյանը նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀԿ-ական իշխանության աջակիցները աղմուկ աղաղակ բարձրացրեցին, թե Նիկոլ Փաշինյանը Սորոսի գրասենյակի հետ համագործակցած անձին նշանակել է փոխնախարար։

Հետո տարածվեց Ժաննա Անդրեասյանի 2012 թվականի հարցազրույցներից մեկից կտորներ, որոնցից մեկում նա ասել էր․ «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետև հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»։

Նախկին իշխանությունների աջակիցները անդադար թմբկահարում էին Ժաննա Անդրեասյանի Սոցիոսկոպ հասարակական կազմակերպության հիմնադիր լինելու հանգամանքը և նրան այդ կերպ կապում միայն Սորոսի հիմնադրամի հետ։ Իսկ իրականությունն այն էր, որ նույն այդ ՀՀԿ-ական իշխանության տարիներին Ժաննա Անդրեասյանը պաշտոններ է զբաղեցրել կրթական ոլորտում։ Անդրեասյանը 2010-2012 թթ․ աշխատել է Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում` ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար, 2012-2017 թթ․ - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում` Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-2019 թթ. - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում` ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։

Նժդեհի գաղափարներին «ֆաշիստական» որակում տված Ժաննա Անդրեասյանը փաստորեն իրեն «Նժդեհական» հռչակած ՀՀԿ-ի իշխանության տարիներին այդ հայտարարության համար ոչ միայն չի հեռացվել կրթական համակարգից, այլև առաջխաղացում է ունեցել և հասել է «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի տնօրենի տեղակալի կարգավիճակի։

Հարց է առաջանում, եթե Ժաննա Անդրեասյանն իր գաղափարներով հիմա մերժելի է, ապա ի՞նչ էր անում նա այն ժամանակ կրթական համակարգում։ Կամ ի՞նչի ակնկալիքով էին նախորդ իշխանությունները թույլ տալիս, որոշ դեպքերում հովանավորում նման ականների տեղադրումը պետական համակարգում։ Պարզամտությու՞ն էր սա, թե՞ հանցավոր մեղսականություն, ցույց կտա «դիահերձումը»։