Ինչո՞ւ Միրզոյանը ջերմ ընդունեց Լավրովին. հարց...

Անհնար է չհարգել հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է վարչապետ Փաշինյանը մայիսի 9-ին մեկնել Մոսկվա։

Մեկնաբանելով հարցի ագրեսիվ երանգը՝ նախարարը նկատել է, որ ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտները զարգանում են, և արդյունքը ոչ միշտ է ականջ շոյում, իսկ ԶԼՄ-ները ավելի շատ նման են քաղաքական գործիչների։

«Պատասխանը պարզ է և ակնհայտ. հայ ժողովուրդը լրջագույն ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ 300 հազար զոհ։ Այս ներդրումից հրաժարվելը նշանակում է չհարգել հիշատակը, հաղթանակը չնշելն անտեղի է»,- պարզաբանել է Միրզոյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են Ռուսաստանի նախարարին Երևանում ջերմ ընդունում, Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանում հյուրերին միշտ են այդպես ընդունում, առավել ևս, երբ խոսքը գործընկերոջ մասին է, որի հետ բազմամյա աշխատանք է կապում։ «Չեմ ժխտում հակասությունները, դրանք ոչ ոք չի ժխտում, բայց եթե ուզում եք, միշտ ընտրություն կա՝ գործել՝ ելնելով հակասություններից և գնալ բացասական հունով, կամ [գործել] ընդհանուր շահերից ելնելով։ Մեզ ամուր հարաբերություններ են կապում, պետք է դրանք զարգացնել՝ հիմնվելով դրական ընկալումների և ձեռքբերումների վրա»,- հայտարարել է նախարարը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանը մտադիր համատեղել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը, նախարարը կրկին հիշեցրել է, որ անդամակցության գործընթացը չի սկսվել, Հայաստանը նման հայտ չի ներկայացրել, ուստի և խոսելն անտեղի է։