Ինչ սպասել ՍԴ-ից․ ընտրությունների արդյունքներ...

Սահմանադրական դատարանը շարունակում է հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։ Իրավաբանական նման պրոցեդուրաների մասին կանխատեսումներ անելը բարդ ու անշնորհակալ գործ է։ Մեծ հաշվով բարձր դատարանի որոշումը ոչ մեկը չի կարող կանխատեսել։ Սակայն կարելի է որոշակի հավանականությամբ ասել, թե ինչ հնարավոր որոշումներ կարող են կայացվել։ Ըստ այդմ, օրինակ կարող է որոշվել, որ խախտումները այնպիսի էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, որ պետք է նոր ընտրություն անցկացնել։ Հնարավոր է, որ ճանաչվի որ խախտումները լուրջ ազդեցություն են ունեցել արդյունքների վրա եւ հարկավոր է փոխել մանդատների բաշխման համամասնությունը եւ երրորդ, գուցե եւ ամեն բան մնա այնպես, ինչպես կա։

Եթե օրինակ մանդատների բաշխման կարգը փոխվի, ապա ամենայն հավանականությամբ գործող իշխանությունների մանդատների թիվը նվազեցնեն, հասցնելով մի նվազագույն շեմի, որը թույլ կտա, օրինակ ձեւավորել կառավարություն, բայց թույլ չի տա պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից, իսկ միջազգային փաստաթղթերի վավերացման համար ձայների քանակն էլ մեծ դժվարությամբ հնարավոր կլինի ապահովել․ ասենք միայն կոնսենսուսով։ Սա իհարկե, մի կողմից կպահպանի Նիկոլ Փաշինյանի պաշտոնը որպես վարչապետի, եւ ունեցած պատասխանատվությունը, 2020 նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտնի հայտարարությունների ամբողջական կատարման հետ կապված, բայց նաեւ էականորեն կթուլացնի նրա իշխանությունը եւ ընդդիմությանը կդարձնի մահակ՝ իշխանության գլխին կախված։ Սա թերեւս ամենից հետաքրքիր ու ինտրիգային լուծումը կլինի, որին ի դեպ, կարծես թե նաեւ «Մեծ քաղաքականության» ակտորներն էլ դեմ չեն լինի, որովհետեւ Փաշինյանը կշարունակի իր հանձնառությունները կյանքի կոչել, սակայն չի ունենա լիարժեք ինքնավստահություն եւ ապա՝ նշված հայտարարությունների կյանքի կոչման համար կապահովվի կոլեկտիվ պատասխանատվություն, մի բան, որ կբարձրացնի կյանքի կոչման լեգիտիմությունը։