Ի՞նչ պաշտոններում կքննարկվեն Արթուր Հովսեփյան...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում գործադիրը կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ եւ կառաջադրի նոր թեկնածու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։

Որոշվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին:

Հովսեփյանը 2019-2021 թվականներին եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, 2021 թվականի մարտի 16-ից աշխատել է որպես ՀՀ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար, ապա 2021 թվականից՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կամո Սարգսյանի թեկնածությունը:

Կամո Սարգսյանը ծնվել է 1976 թվականին Ռուսաստանի Դաշնության Բեսլան քաղաքում: Ավարտել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում: 2019 թվականի մայիսի 31-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը: 2018-2019թթ. եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, ապա կոմիտեի նախագահի պաշտոնակատար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: