ԱԺ-ում քննարկվում են գիտության հիմնախնդիրները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը իր ելույթում խոսել է գիտության աշխատողների աշխատավարձերից, ասել է.
«Համարյա մինիմալ աշխատավարձին մոտ աշխատավարձ է, շուտով նախագիծ կա ավելացնել մինիմալ աշխատավարձը, եթե արվի, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր համակարգի աշխատողների 2/3-ը ստանալու է մինիմալ աշխատավարձ, այսօրվա մեր աշխատավարձերը հավասարվելու են նրան: Նորմալ երկրներում գիտության աշխատողների աշխատավարձը երկրի միջին աշխատավարձն է»:
Մարտիրոսյանը նաև մի քանի առաջարկություններ է ներկայացրել ու հավելել, որ 2020թ. բյուջեի նախագծի համար ԳԱԱ-ն առաջարկել էր 12 նոր ծրագիր, որոնց ֆինանսավորումը 360 մլն դրամ էր կազմում, սակայն Պետական կոմիտեն 1 ծրագիր էր մտցրել: Ռադիկ Մարտիրոսյանը, դիմելով նիստը նախագահողին, ասել է.
«Պարո´ն Հովհաննիսյան, ես գիտեմ, որ ֆիննախը մի բան գրպանում պահում է, մի փոքր բան տալիս է սրան-նրան, որ ասեն` քննարկումներից հետո մի բան փոխվել է: Հիմա, եթե մեզ տալու են, կխնդրեմ, որ մի ծրագիր կա, որ արժի ունենանք, Բելառուսի ակադեմիայի հետ 5-6 տարիների ընթացքում քննարկում էինք մի ծրագիր, որը կապված է Սևանում համատեղ կենտրոն ստեղծելու և հետազոտություններ կատարելու համար, շատ կարևոր է, որով շահագրգռված է Բելառուսի կառավարությունը, մոտ 200 մլն դրամի խնդիր է, որովհետև մենք Սևանում ունենք կառույց, որը պետք է կապիտալ վերանորոգվի, իսկ նրանք սարքավորումները պիտի տեղադրեն»:



