Ինչ են ուզում հասկացնել համանախագահ երկրների...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությամբ, կիրակի օր Ադրբեջանում հավատարմագրված 46 երկրների դեսպաններ մեկնել են Շուշի։

Ըստ ադրբեջանական Haqqin.az-ի, Իլհամ Ալիեւի՝ Շուշի այցելության հրավերը մերժել են ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները։ Անկախ այն հանգամանքից, թե քանի երկրի դեսպան է մեկնել եւ ինչ են քննարկել դեսպանները կամ ինչի մասին են խոսել դեսպանները Շուշիում, հասկանալի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրների դեսպանների կողմից միասնականության դրսեւորումն ու ինչ որ իմաստով միասնաբար Շուշի մեկնելուց հրաժարվելը որոշակի մեսիջներ է պարունակում եւ որոշակի վերաբերմունք է արտահայտում իր մեջ։

Մասնավորապես, դա դեմարշ է Ադրբեջանի գործող վարչակարգի դեմ, որ առնվազն ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամ երկիր ունի դժգոհություն Բաքվի պահվածքից, եւ անկախ դիվանագիտական սիրալիրություններից, այդ դժգոհությունն հայտնում է ուղիղ տեքստով, հատկապես եթե հաշվի առնենք, որ Շուշին Ադրբեջանի վարչակարգի կողմից չափազանց մեծ ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Սա ի դեպ, նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանձնապես լուրջ չեն վերաբերվում Շուշիի հետ կապված Ադրբեջանի գործող իշխանությունների պլաններին։ Մնացածն արդեն կերեւա հաջորդող շաբաթներին։