Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը քննադատել է մայրաքաղաքում իրականացված կանաչապատման ծրագրերը՝ նշելով, որ պաշտոնական հայտարարություններում ներկայացվող ձեռքբերումները չեն արտացոլում իրական պատկերը։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը հաճախ խոսում է վերջին տարիներին ստեղծված տասնյակ հեկտար նոր կանաչ տարածքների մասին, սակայն այդ հաշվարկներից պետք է առանձնացնել նաև 8,5 հեկտար տարածքը, որտեղ տնկված շուրջ 10 հազար ծառերը չորացել են։ Վարդանյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ քաղաքի տարբեր հատվածներում հատվել են ստվեր ապահովող բազմաթիվ ծառեր, ինչի հետևանքով զգալիորեն նվազել է կանաչ սաղարթների ծավալը։
Ավագանու անդամի տվյալներով՝ ծրագրի իրականացման համար ծախսվել է 212 միլիոն դրամ, որից 112 միլիոն դրամը տրամադրել է Երևանի քաղաքապետարանը, իսկ մնացած ֆինանսավորումը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Քրիստինա Վարդանյանի գնահատմամբ՝ կանաչապատման ծրագրերի արդյունավետությունը պետք է գնահատել ոչ թե իրականացված ծառատունկերի քանակով, այլ վերջնական արդյունքով՝ որքանով են ծառերը պահպանվել և զարգացել։ Նրա համոզմամբ՝ չորացած տնկիներն ու քաղաքի կանաչ տարածքների կրճատումը վկայում են ծրագրի անարդյունավետության մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/edcc0253a3f8306134cbeb6e38777353
© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»



