Իմ աշխատանքային գործունեության ընթացքում որևէ...

ԱԺ-ի օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկումն է: Քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուն՝ Նարեկ Համբարձումյանը, նշեց, հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է կրի համակարգային բնույթ, բացառի ցանկացած կոռուպցիոն դրսևորում.

«Այդ հարցում կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը»:

Կոռուպցիայի դեմ պայքարում Համբարձումյանը առաջնայինը քաղաքական կամքն է համարում: Ընդգծում է, որ պետության հետ հարաբերվելիս հարցերը պետք է լուծվեն միայն օրենքով:

«Քաղաքացին պետք է գիտակցի դա»,- նշեց նա:

Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ է «Բարգավաճ  Հայաստան»-ն իրեն առաջադրել և այդ հանգամանքն ինչպե՞ս կանդրադառնա իր գործունեության վրա՝ ասաց, որ հարցին ճիշտ կպատասխանեն խմբակցությունից: Ինքը ենթադրում է, որ հաշվի են առել կրթությունը, անցած ուղին.

«Իմ աշխատանքային գործունեության ընթացքում որևէ մեկը չի կարողացել ներգործություն ունենալ  որոշումներիս վրա: Եվ հետագայում էլ բացարձակ նշանակություն չի ունենալու՝ ուսումնասիրությունը «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցչի՞ վերաբերյալ է , թե՞ մեկ այլ հանրային ծառայողի»:

Հարցերից մեկին էլ՝  իր գործունեության ընթացքում քաղաքական նկատառումներով կամ ակցիաների մասնակցած անձանց գործեր քննելու դեպքեր եղե՞լ են՝ հետևյալ պատասխանը տվեց.

«Անձամբ չեմ քննել այդպիսի գործեր: Արել եմ այն, ինչի  համար լիազորված եմ եղել օրենքով: Կատարել եմ անաչառ և օբյեկտիվորեն»: