
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում հայտարարել 2025 թվականին Ուկրաինային առնվազն 40 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին՝ հակամարտության ընթացքում Ռուսաստանին հակազդելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հայտարարության մեջ։
«Դաշնակիցները կհայտարարեն հաջորդ տարվա ընթացքում 40 միլիարդ եվրոյի չափով նվազագույն բազային ֆինանսավորում տրամադրելու և անվտանգության բնագավառում օժանդակության կայուն մակարդակ ապահովելու՝ իրենց մտադրության մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա հաղթանակ տանել»,- նշվում է Սպիտակ տան տարածած տեքստում:
Այս նախաձեռնության շրջանակներում ԱՄՆ-ի ֆինանսավորումն Ուկրաինային կտրամադրվի Կոնգրեսի կողմից արդեն հատկացված անվտանգության աջակցության փաթեթի միջոցներից, նշվում է հայտարարությունում։
ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը տեղի է ունենում հուլիսի 9-ից 11-ը Վաշինգտոնում: