Հույս ունեմ, որ ՌԴ-ն` որպես գործընկեր և ՀՀ ին...

Ես կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանը ցանկանում է խորացնել և խորացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, և ԵՄ-ն թե՛ որպես միություն, և թե՛ անդամ երկրներն առանձին, այդ ազդակին, դրական են արձագանքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Խանդանյանը նշեց, որ այս օրերին արդեն կիմանանք նաև Եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին և իր կարծիքով՝ կերկարաձգվի մանդատը։ 

Պատգամավորն անդրադարձավ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝  Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում նշված մտքին, թե 2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված, որոշ երկրներ կփորձեն միջամտել Հայաստանի ներքին գործերին:

«Այդ տենդենցը ոչ միայն Հայաստանի հետ կապված է, այլ նաև քիչ առաջ պանելային քննարկման ընթացքում եվրոպական երկրներում ընտրությունների մասին էին մեր հյուրերը խոսում և ասում էին, որ այլ երկրներից ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն են ունենում: Նման խնդիրներ են արձանագրվել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, օրինակ՝ Մոլդովայի ընտրություններում և այլն»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ Արտաքին հետախուզության սլաքները Ռուսաստանի՞ն են ուղղված, նա արձագանքեց. «Հույս ունեմ, որ Ռուսաստանը` որպես գործընկեր երկիր և որպես մի երկիր, որը մշտապես հայտնում է, որ չի խախտում և հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, որևէ կերպ չի փորձի միջամտել մեր ընտրություններին»։