Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհված բոլոր հայորդիների հիշատակի օր վերածելու որոշումը չի եղել հանրային պահանջ։
Այս մաին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը։
«Երբեք ոչ մի վրդովմունք մեր հասարակության կողմից չի եղել առ այն, որ հունվարի 28-ին պաշտոնյաները և քաղաքացիները այցելում են Եռաբլուր, իսկ այնուհետև տոնակատարությամբ են նշում։ Եվ Եռաբլուր այցելելը, հարգանքի տուրք մատուցելը, և տոնակատարություն իրականացնելը, այդ երկու հանգամանքը համադրելը մեր մշակույթին բնորոշ է եղել և ոչ մի անգամ նման խնդիր չի եղել։ Սա ոչ թե հանրային պահանջ էր, այլ քաղաքական, կուսակցական նպատակներ ունեցող որոշում, որը կապված է հայոց ազգային ինքնության ինժեներիայի հերթական դրսևորման հետ։
Նպատակն է նսեմացնել հայոց ազգային բանակին նվիրված օրը և այդ տոնը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ նախօրեին երկրի բարձրագույն ղեկավարներն այցելել են Եռաբլուր, սակայն չեն մոտեցել զոհվածների հարազատներին, նաև «Արցախի կանչը» հուշակոթողի մոտ ծաղիկներ չեն խոնարհել, Սողոմոնյանն ասաց. «Որովհետև նրանք հասկանում են, որ բարոյական ոչ մի աղերս, առնչություն չունեն այն խորհրդի հետ, ինչը որ ներկա է այստեղ Եռաբլուրում։ Նրանք շատ լավ գիտակցում են, որ Եռաբլուրի ընդլայնման հարցում իրենք կրում են անմիջական պատասխանատվություն, և իրենք խուսափում են չակերտյալ սյուրպրիզներից, մոտենալով մեր նահատակների ծնողներին, որովհետև հասկանում են կամ գիտակցում են, թե ինչ խոսք կարող են նրանց ասել»։



