Մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Երևանյան խճուղում Երևանի բնակիչ 27-ամյա Դավիթ Խ․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, փլուզել այն ապա բախվել կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի վարորդին դուրս բերեն ավտոմեքենայից։
Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են «Mazda»-ն, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։



