Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտ...

Հրազդանի կիրճի Աթենքի փողոցին հարող՝ Հրազդանի կիրճի սկզբնամասից 5,5 կիլոմետրի վրա գտնվող հատվածում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի։ Այդ նպատակով կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9–ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 172 մլն 608 հազար դրամ։

Այդ գումարից 170 մլն 940 հազարը կառուցման աշխատանքների պայմանագրային գումարն է, 1 մլն 128 հազար դրամը՝ աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ գումարը, իսկ 540 հազար դրամը կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների համար անհրաժեշտ պայմանագրային գումարը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս դիտարկվող տարածքը գտնվում է անմխիթար վիճակում։ Ափամերձ հատվածներում առկա են ճահճուտներ և եղեգնուտներ, ամառային ամիսներին կանգնած ջրի կուտակման հետևանքով տարածվում է գարշահոտություն, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ քաղաքացիների հանգստի պայմանների վրա։

Տարածքը փաստացի զուրկ է զբոսնելու, սպորտով զբաղվելու և կազմակերպված հանգստի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներից, չկան հարմարավետ հետիոտնային և հեծանվային ուղիներ: Միաժամանակ, Հրազդանի կիրճն ունի մեծ ներուժ՝ դառնալու բազմաֆունկցիոնալ հանրային հանգստի գոտի։