«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի` նախօրեին տված հարցազրույցից հետո ոմանց մոտ տպավորություն է ձեւավորվել, թե Նիկոլ Փաշինյանը վայելում է ՌԴ աջակցությունը: Ըստ այս տեսակետի, դրա մասին է վկայում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելն անհիմն է, կարելի է խոսել նրա թույլ տված սխալների մասին։
Մեր աղբյուրի տեղեկություններով, չնայած եռակողմ հայտարարությամբ խոսք է գնում Արցախում 1960 խաղաղապահի տեղակայման մասին, սակայն ստվերային բանակցություններ են ընթանում, եւ ռուսական կողմը ցանկանում է 14-15 հազար զինվոր ուղարկել Ղարաբաղ ու այդ տարածքները դարձնել իր պոլիգոնը։
Հետեւաբար, առնվազն մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ հայտարարությամբ նշված տարածքների հանձնման վերջնաժամկետը, Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանում վարչապետ փոխվի, ուստի ակնհայտ հարվածներ Նիկոլ Փաշինյանին չեն հասցվելու։ Հարվածները հասցվելու են ավելի դիվանագիտորեն, ինչպես Շուշիի հարցում Փաշինյանի սուտը ջրի երես հանելն էր»:



