«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հրապարակել է հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները, որոնք, թվում է՝ մի մեծ «պլյուս» են բերում Փաշինյանի կառավարությանը եւ անձամբ Բադասյանին: Ըստ այդ հաղորդագրության՝ 2022 թվականի առաջին եռամսյակի հարկերի ու տուրքերի մուտքերը գերազանցել են կառավարության նախատեսած թվերը եւ ավելին են եղել, քան նախորդ տարիներին։
ՊԵԿ հրապարակման համաձայն՝ 2022 թվականի 1-ին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ, ինչը կառավարության սահմանած ծրագրային ցուցանիշից, որը հունվար-մարտ ամիսների համար եղել 395.4 մլրդ դրամ, բարձր է 5.2 մլրդ դրամով կամ 1.3 տոկոսով։
2021թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 332.9 մլրդ դրամ, 2020-ին՝ 349.0 մլրդ, իսկ 2019-ին` 299.7 մլրդ դրամ: «Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 67.7 մլրդ դրամով կամ 20.3%-ով, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 51.5 մլրդ դրամով կամ 14.8%-ով, 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 100.9 մլրդ դրամով կամ 33.7%-ով»,- եզրակացնում է ՊԵԿ-ը։
Նշվում է, որ հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 51.3 մլրդ դրամ: «2021թ. հունվար-մարտ ամիսների համեմատ աճը կազմել է 13.4 մլրդ դրամ կամ 35.5%, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 16.1 մլրդ դրամ կամ 45.8% եւ 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 24.3 մլրդ դրամ կամ 89.8%»:
Ո՞րն է տրյուկը, ինչպե՞ս եղավ, որ բարձր անորոշությունների եւ ռիսկերի, օրական աճող գների ու համընդհանուր դեպրեսիայի պայմաններում, երբ ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն, այսպիսի հաջողություն գրանցեցինք։ Այս անգա՞մ ինչ «կուտ» են ուզում մեզ հրամցնել նիկոլականները։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խորհուրդ տվեց սպասել Վիճակագրության պետական կոմիտեի ցուցանիշներին, որոնք, ըստ նրա, անշուշտ, տարբերվելու են Բադասյանի հրապարակածից։ «Սա դաղալ թիվ է, ասում են մի թիվ, որը վիճկոմիտեն դեռ չի հաստատել։ Վիճկոմիտեն ապրիլի 5-ին պետք է հաստատի հունվար-փետրվարի ցուցանիշները, եւ ես կարող եմ մեկնաբանել միայն վիճկոմիտեի թվերը, այն էլ՝ առաջին երկու ամիսը։ Իսկ հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ու տուրքերի ցուցանիշները կհրապարակվեն մայիսին։ Այդ թվերի պաշտոնական հրապարակողը, խազյաինը, տերը վիճկոմիտեն է, ոչ թե ՊԵԿ-ը»,- ասաց նա։
Ըստ Բագրատյանի՝ մենք գործ ունենք բյուջեի անվանական եւ իրական աճի հետ։
Նրա «շատ նախնական» մեկնաբանությունը հետեւյալն է․ «2020 թվականի համեմատ բյուջեն չի աճել։ 2022-ին բյուջեի եկամուտների բացարձակ հավելաճը եղել 14.8%, բայց գումարային գնաճն էլ կազմել է 12.5%։ Այսինքն՝ իրական բյուջեն 2 տարում աճել է սոսկ 2.3%, այն դեպքում, երբ տնտեսական աճը կազմել է 9%։ 2021-ի համեմատ կա բյուջեի անվանական 20.3% աճ, իսկ իրական աճը եղել է 14% (տնտեսական աճը, նախնական թվերով, 12% է)։ Այսինքն, 2021-ի համեմատ կա բյուջետային եկամուտների հավաքագրման տեմպի աճ` սոսկ 4%։
Չմոռանանք, որ 2021 թվականի համեմատ բյուջեի այդ «ակնառու» աճը հիմնականում պայմանավորված է 2021-ի ցածր թվերով։ Իր դերն է խաղացել նաեւ այն, որ 2022-ի առաջին եռամսյակում 2 աշխատանքային օր ավել ենք ունեցել։ Այսինքն՝ ունենք չնչին, նախատեսվածից էլ զգալիորեն ցածր դինամիկա»։
Ինչո՞ւ են վիճակագրության համար պատասխանատու մարմնի կողմից հաստատված հարկերի եւ տուրքերի ցուցանիշները միշտ տարբերվում ՊԵԿ-ի տվյալներից։ Բանն այն է, որ գոյություն ունեն բալանսային հաշվարկներ, որոնց արդյունքում ՊԵԿ ներկայացրած ցուցանիշները տասնյակ միլիարդներով կարող են պակասել։ Մարտ ամսվա համար ՊԵԿ ներկայացրած թվում հաշվի չի առնված ԱԱՀ-ի գծով վերադարձը, որը «տեղ է հասնելու» միայն ապրիլին։ Օրինակ, հիմնարկը վճարել է 1 միլիոն դրամի հարկ, որից մի 300 հազար դրամ ԱԱՀ-ն է, եւ նա հետ է ստանալու։ ՊԵԿ-ը կարող է հարկային եկամուտ ստանալ եւ, ասենք, մի օր հետո մի 30 մլրդ հետ տա որպես ԱԱՀ, եւ այդ դեպքում իր իրական եկամուտը կլինի ոչ թե 400 մլրդ, այլ, ասենք, 370 մլրդ դրամ։ Այս հանումը կատարվում է վիճակագրության կոմիտեում։
ՊԵԿ հրապարակած ցուցանիշներում իրական է միայն այն, որ ստացվել են 400 մլրդ հարկային եկամուտ ու տուրք։ Բայց եթե հաշվի առնենք, որ եռամսյակային գնաճը, որը, ըստ ԿԲ տվյալների, կազմել է ոչ թե 4 տոկոս, ինչպես նախատեսված էր, այլ 8 տոկոս, ապա ստացվում է, որ հարկային եկամուտների իրական ավելացում նախորդ տարիների համեմատ չի եղել կամ էլ եղել է չնչին չափով։
Վիճվարչության վերջնական ամփոփումներից հետո կարող է պարզվել, որ իրականում 2020 թ․ համեմատ բյուջեի որեւէ աճ տեղի չի ունեցել, իսկ Բադասյանի տպած «գերակատարումը» տեղի է ունեցել գնաճի հաշվին։ ՊԵԿ-ը խոսում է կառավարության որոշմամբ նախատեսված եկամուտների պլանային ցուցանիշներից, բայց նույն գնաճի ցուցանիշներն արդեն կառավարության նախատեսածից կրկնակի բարձր են, եւ հնարավոր է պարզվի, որ այդ 5 մլրդ գերակատարումը տեղի է ունեցել գնաճի հաշվին։
Իրականում Ռուստամ Բադասյանը, վիճկոմիտեից առաջ ընկնելով, երկու կարեւոր էֆեկտի է ուզում հասնել։ Նախ ասում է վերադասին՝ տես, Նիկոլ, ես լավ եմ աշխատում։ Երկրորդն էլ՝ էն հասարակ քաղաքացին ու գյուղացին, որոնք նայում են իրենց, ասում է՝ հլը տես, արա, ինչ «չեստնի» տղերք են Ռուստամն ու Նիկոլը ու ինչ լավ են աշխատում։



