Հին ընկերներն իրենց սկզբունքներին չեն դավաճանում ոչ մի իշխանության ժամանակ. եթե ՀՅԴ-ն իշխանության մաս է կազմում, ապա հոգով ընդդիմադիր է, եթե ընդդիմություն է, կուսակցությունում միշտ գտնվում է մի ստվար զանգված, որ իշխանության հետ սերտ կապերի մեջ է: Անցնող շաբաթ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում էր, պատվիրակության հանդիպումների մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունների պակաս չի զգացվում՝ ՀՀ պատվիրակությունը մեկ շաբաթվա ընթացքում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, կոնգրեսականների, տեղի հայ համայնքի եւ հայկական մի շարք կազմակերպությունների հետ:
Բայց ուշագրավն այն է, որ ամերիկյան շրջանակների հետ մեր պաշտոնյաների շփումները չեն ստացվում՝ նրանց, որպես կանոն, իրենց զուգահեռ պաշտոնյաները չեն ընդունում: Եվ ԱԺ պատվիրակության հանդիպումներն օվկիանոսից այն կողմում կազմակերպել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը, այսինքն՝ դաշնակցական ընկերները: Փաստն այս ուշագրավ է ինչպես կուսակցության՝ Հայաստանում ունեցած ընդդիմադիր դիրքորոշմամբ, այնպես էլ Արարատ Միրզոյանի՝ ՀՅԴ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքով պայմանավորված:
Ավելորդ է ասել, որ թավշյա իրադարձություններից հետո, երբ ՀՅԴ-ն մաս կազմեց իշխանությանը, լուրեր տարածվեցին, թե ՀՅԴ-ն երկու ճամբարի է բաժանվել՝ հայաստանյան ՀՅԴ եւ արտերկրյա՝ հատկապես ԱՄՆ արեւմտյան կոմիտեությունը: Դրսի ընկերները ժամանակին դեմ էին ՀՅԴ-ի՝ սերժսարգսյանական կոլալիցիա մտնելուն: Բայց թվում էր, թե հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից, ՀՅԴ-իշխանություն ապահարզանից հետո այս կառույցը պետք է միասնական դառնար եւ հստակ ընդդիմադիր կեցվածք որդեգրեր, բայց պարզվում է՝ դրսի եւ ներսի ՀՅԴ-ականների դիրքորոշումները կտրուկ տարբերվում են: Եթե հայաստանյան ՀՅԴ-ն իշխանություններին սպառնում է «տուն ուղարկել», ապա ԱՄՆ ՀՅԴ-ն զբաղված է ԱԺ խոսնակի ամերիկյան այցը կազմակերպելով: Ինչպես է ստացվում, որ ներսում դաշնակցականներն ընդդիմադիր են, իսկ դրսում Արարատ Միրզոյանի ու Աննա Հակոբյանի կողքից չեն հեռանում: Մանավանդ, որ Միրզոյանը հին ընկերների նկատմամբ առանձնապես «սիրով» լցված չէ: Նա մի քանի առիթով հեգնանքով է խոսել ավանդական կուսակցության հասցեին:
Ամբողջական «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում



