«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ ժամը 12-ին, վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ) քննվելու է ոչ միայն դատախազության բողոքը՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այլ նաեւ Ծառուկյանի պաշտպանների բողոքը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Պաշտպանին հարցրինք՝ այն հանգամանքը, որ Ծառուկյանը վարակված է եւ բուժում է ստանում, կարո՞ղ է ազդել բողոքների քննության վրա։ «Ամեն դեպքում՝ բացի այն հանգամանքը, որ առաջին ատյանն արձանագրել է, որ կալանավորման որեւէ հիմք գոյություն չունի, նաեւ անդրադարձել է այդ հարցին, որ անձը 63 տարեկան է, մոտ ապագայում կլինի 64 տարեկան, եւ այդ պարագայում նա գտնվում է ռիսկային խմբում, իսկ Եվրոպայի՝ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի զեկույցով այդ հարցի կապակցությամբ շատ հստակ արձանագրումներ են կատարվել։
Այս պահին վարակված լինելն արդեն իսկ խոսում է դրա մասին, իմիջիայլոց՝ այնպես չէ, որ ասիմպտոմ է վարակը․ ջերմություն ունի, թոքաբորբի նշաններ ունի։ Ամեն դեպքում, վաղը մենք ներկայանալու ենք դատական նիստին եւ փորձելու ենք շարունակել նիստը, որպեսզի որեւէ մեկին տեղիք չտանք խոսելու։ Համացանցով շատ են շահարկում, թե, իբր, այդ հանգամանքն օգտագործվում է չկալանավորվելու համար։ Մենք բոլորին հակառակը կապացուցենք, իսկ մնացածը դատարանը պետք է որոշի՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ դատական նիստը շարունակվի՞, թե՞ ոչ։ Մենք ներկայանալու ենք եւ կներկայացնենք մեր կողմից կազմված բողոքները»,- պատասխանեց պաշտպանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



