Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննու...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել և հարցաքննել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Էմմա Ծառուկյանին։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ցուցմունքների բովանդակությունը չենք հրապարակում։

ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ քնիչը դատարանից պահանջել և ստացել էր սպանված հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը։ Հեռախոսում առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի ու նրա կողմից հաղորդություն ստացած անձանց միջև։

Հիշեցնենք՝ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևնում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենային կրակոցներով սպանվել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան երեք տարի անց քրեական գործը նոր շրջադարձ է ստացել։

Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ անձնական շարժառիթ է եղել, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։

Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։