Հնդկաստանը ծրագրում է յոթ-ութ տարի անց իր ռազմական տիեզերական արբանյակների խմբավորումն ավելացնել 100 սարքերով: Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մի աղբյուրի։
«Հնդկաստանի ռազմական նշանակության տիեզերական արբանյակների խմբավորումը կավելանա 100 սարքերով առաջիկա յոթ-ութ տարում: Երկրում կստեղծվի Տիեզերական հրամանատարություն՝ մերձավոր և հեռավոր տիեզերքում գործողությունների կատարման համար», - ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կառավարության հաստատմանն են ուղարկել նոր դոկտրինի նախագիծը, որը նախատեսում է ակտիվ քայլեր տիեզերական տարածության արդյունավետ օգտագործման ուղղությամբ` ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական նպատակներով։
Բացի այդ, ըստ առաջարկվող նախագծի՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ցանկանում է վերափոխվել Հնդկաստանի օդատիեզերական ուժերի։
Աղբյուրի խոսքով՝ ռազմաօդային ուժերում ակնկալում են, որ կառավարությունը շուտով կհաստատի առաջարկը։
2013 թվականի օգոստոսին Հնդկաստանը հայտարարեց առաջին ռազմական GSAT-7 արբանյակը հաջողությամբ ուղեծիր արձակելու մասին․ այն նախատեսված է երկրի ռազմածովային ուժերի պաշտպանունակության բարձրացման համար: