
Քաղաքացիները հնարավորություն կունենան անշարժ գույքի առուվաճառքի և այլ պայմանագրեր կնքել և գրանցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ առանց նոտարական վավերացման։ ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Թովմասյանի խոսքով՝ Կադաստրի կոմիտեն արդեն երկար ժամանակ իրականացնում է թվայնացման գործընթաց, որի նպատակն է ապահովել քաղաքացիների համար արագ, մատչելի և անվտանգ գործարքներ։
«Մենք ներդնում ենք ինքնաշխատ էլեկտրոնային համակարգ, որը ինտեգրված է լինելու «Ես եմ» նույնականացման համակարգի հետ։ Յուրաքանչյուր քաղաքացի, նույնականացվելով համակարգում, մուտք է գործելու իր անձնական գրասենյակ և կարողանալու է առցանց ստորագրել առուվաճառքի կամ այլ պայմանագիր՝ օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրությունը»,-նշել է նա։
Գործարքի ընթացքում գնորդը և վաճառողը կհաստատեն պայմանագրի ստորագրումը առցանց եղանակով, որից հետո այն ավտոմատ կերպով կուղարկվի Կադաստրի տեղեկատվական շտեմարան և կգրանցվի առանց ռեգիստրի մասնակցության։
Թովմասյանը նշեց, որ նախագիծը նախատեսում է մեկուկես տարվա փորձնական փուլ, որի ընթացքում կթեստավորվեն համակարգի բոլոր տեխնիկական և իրավական բաղադրիչները։
«Այս համակարգի ներդրմամբ քաղաքացիները կկարողանան խնայել թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ։ Պայմանագրի կնքումից անմիջապես հետո համակարգը ավտոմատ կգեներացնի գրանցման վկայականը՝ առանց հավելյալ վճարների կամ սպասման ժամկետի»,-ընդգծեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է գործարքների պարզեցմանը, ծախսերի նվազեցմանը և ծառայությունների մատուցման արագացմանը։