ԱԺ պաշտոնական կայքից հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում Ռազմական դրությունը վերացնելու մասին հարցն է, ներկայացված ԼՀԿ կողմից։
Հիմնավորումը, ինչպես եւ սպասելի էր, նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտնի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն են, որոնցով արդեն վերանում են կարծես թե այն հիմքերը, որոնցով պայմանավորված սահմանվել էր ռազմական դրություն։ Իշխանությունը բավական հետաքրքիր իրավիճակում է հայտնվել։
Եթե ամսի 26-ին այս հարցը դրական լուծում չստանա, ապա իշխանությունը կհայտնվի անհարմար վիճակում, քանի որ անուղղակիորեն կհաստատի, որ
1․ սպասում է նոր պատերազմի բռնկման կամ հազիվհազ մարված պատերազմի վերսկսման
2․ չի վստահում ռուսական խաղաղապահ առաքելությանը եւ համարում է, որ ռազմական դրության սահմանման համար հիմքերը վերացած չեն։
Սա նաեւ կնշանակի, որ Հայաստանի գործող իշխանությունները առհասարակ կասկածի տակ կդնեն հայ-ռուսական դաշնակցային, այդ թվում նաեւ՝ ռազմական դաշնակցային հարաբերությունները։
Նույնիսկ այնպիսի արկածախնդիր, ինչպիսին Փաշինյանն է, եթե անկեղծ, նման քայլի գնալու համար պարզապես համարձակություն չի ունենա, որովհետեւ հասկանում է, որ նման քայլը իր համար հավասարազոր կլինի քաղաքական ինքնասպանության։ Մյուս կողմից, վերացնելու դեպքում ռազմական դրությունը, իշխանությունը պարզապես թույլ է տալիս սկսված ներքաղաքական պրոցեսներին շարունակվել։
Ի դեպ, հնարավոր է, որ ռազմական դրությունը վերացվի արտաքին ճնշմամբ, ինչպես կորոնավիրուսային արտակարգ դրությունը վերացվեց, հաշվի առնելով, որ այն պարզապես հիմա շահարկվում է եւ ծառայեցվում իշխանության քաղաքական շահերի սպասարկմանը։



