
«ՀՀ–ն հաստատական դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում, մենք վճռական ենք իրականացնելու մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը, և առկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս համատեքստում ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները և մեր ակնկալիքն առ այն, որ ՀՀ խաղաղության օրակարգն ի վերջո շոշափելի արդյունք կտա։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս՝ Էստոնիայի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնությունը ողջունելու համար։ Վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը՝ ստորագրելու արդեն համաձայնեցված տեքստը՝ նշելով, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ հայտը»,–նշեց Փաշինյանը։