ՀՀԿ–ի ամենամեծ սխալը՝ ըստ Դավիթ Շահնազարյանի

«Հայաստանի Հանրապետական կուսակցության ամենամեծ սխալն այն էր, որ իրենից հետո այսպիսի իշխանություն կա Հայաստանում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը.

Անդրադառնալով այսօրվա իշխանությունների կողմից տրված, սակայն չկատարված խոստումներին՝ Շահնազարյանը նշեց դրանցից երկուսը.«Ներկայիս իշխանությունը երկու բան է հայտարարել, առաջինը, որ Հայաստանում չկա և չի լինի քաղաքական հետապնդում։ Եվ երկրորդը` չկա ու չի լինելու կոռուպցիա: Հիմա իրենք ստիպված են այս երկուսի միջև ընտրություն կատարել: Ես պնդում եմ՝ Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում»:

Ինչ վերաբերում է փաստին, որ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը չի խոսում հրապարակավ, Դավիթ Շահնազարյանն ասաց.«Սերժ Սարգսյանը կուսակցության լուրջ ղեկավար է, որն իր բավական ակտիվ դերն ունի ներքաղաքական կյանքում, հաճախ թելադրում է օրակարգ: Վստահ եմ, որ հասարակությունը սպասելիքներ ունի նրանից»:

Հարցին, թե արդյոք հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ և ինչ հարցեր է քննարկում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց.«Ես Սերժ Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպում եմ, կուսակցական քննարկումներին չեմ մասնակցում»: