ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ստում է կամ անտեղյակ...

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ստում է կամ անտեղյակ է․ նա փրկում է իր նախագահի ռեպուտացիան․ ԼՂ կարգավիճակն անգամ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում կանխորոշված չի եղել։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին»:

Ի թիվս այլ հարցերի, նա հպանցիկ անդրադարձել է նաև ԼՂ խնդրի կարգավորմանը՝ անելով խիստ վիճահարույց մի հայտարարություն:

«... Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»,- ասել է դեսպանը:

Ստում է կամ խնդրից անտեղյակ է հենց դեսպանը ու այս փաստը տարակուսելի է հատկապես այն պատճառով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներից մեկն է:

Եթե ԼՂ կարգավիճակը 1991-ից կանխորոշված է եղել, ապա ո՞րն է եղել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի իմաստը, մանավանդ, որ միջնորդների ներկայացրած շուրջ մեկ տասնյակ տարբերակներից ընդամենը մեկն է (Ընդհանուր պետության տարբերակը) կանխորոշել ԼՂ կարգավիճակը, մնացած բոլոր տարբերակներում այդ խնդիրը թողնվում էր ապագային (էլ չասեմ այն մասին, որ Մեղրիի տարբերակով անգամ քննարկվել է ԼՂ-ի Հայաստանին միացման հնարավորությունը):

Անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում ԼՂ կարգավիճակը կանխորոշված չի եղել ու, այո, այն ունիտար Ադրբեջանի մաս է ճանաչվել հենց Պրահայում` 2022թ-ի հոկտեմբերի 6-ին:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ փաստացի Ադրբեջանը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ հայտարարելով, թե այդ հարցում կոնֆլիկտ չունի Ադրբեջանի հետ:

Երբ Փաշինյանը նենգափոխում է պատմությունն՝ ամեն ինչ բարդելով Ալմա-Աթայի հռչակագրի կամ 1994-ի վրա, հասկանալի է. նա գիտակցված գնացել է Արցախի կործանմանը ու հիմա «մեղավորներ» է նշանակում՝ պատասխանատվությունից խուսափելու համար:

Իրականության դեմ կռիվ տալու լուրջ մոտիվներ կամ շարժառիթ ունի նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որի նախագահ Մակրոնը Պրահայի քառակողմ հայտարարության «կնքահայրերից» մեկն էր:

Պարագան ճանապարհ էր բացում Արցախի կործանման համար:

Փարիզն ու Բրյուսելը հայ ժողովրդի թշնամիները չեն, սակայն նրանք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, որոնք թելադրում էին ռուսական ազդեցության թուլացում մեր տարածաշրջանում:

Հենց Մակրոնն ու Միշելը քաջալերեցին Փաշինյանը «ստրատեգիական ռեվերսը», ինչի հետևանքը դարձավ Արցախի կործանումը:

Հիմա հարգարժան դեսպանը փրկում է իր նախագահի ռեպուտացիան...»,-գրել է նա։