
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը փորձաքննություն է ներկայացրել Կոտայքի մարզի Ակունք, Զովաշեն, Կոտայք եւ Հատիս գյուղերում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման բնապահպանական ազդեցությունը գնահատելու վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 26-ին հանրային քննարկումների ժամանակ հայտնել է Հայաստանի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինե Հարությունյանը։ Նա ասել է, որ բոլոր հաշվետվությունները ներկայացվել են պետական գերատեսչություններին, որոնք ներկայացրել են իրենց մեկնաբանությունները։ Նրա խոսքով՝ այդ մեկնաբանությունները հաշվի առնելով՝ զեկույցը փոփոխված ձեւով կրկին ուղարկվել է պետական կառույցներ, որտեղից ստացվել են դրական պատասխաններ։ Հարությունյանն ընդգծել է, որ նախատեսվում է շինարարություն իրականացնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում՝ պահպանվող տարածքից դուրս, որը պատկանում է պետությանը։«Ecogroup» ընկերության ներկայացուցիչ Արթուր Մինասյանն իր հերթին նշել է, որ մինչեւ մոտակա բնակավայր հեռավորությունը 1,5 կիլոմետր է, հետեւաբար, իր գնահատմամբ, շինարարության փուլում այս բնակավայրի վրա որեւէ ազդեցություն չի լինի։ Արձանին հարող տարածքում ճոպանուղի նախագծող «Elit Project» ընկերության ներկայացուցիչ Երվանդ Մախոյանը վստահեցրել է, որ մինչ աշխատանքների մեկնարկը տարածքը մանրազնին ուսումնասիրվել է, երկրաչափական եւ այլ ուսումնասիրություններ են կատարվել։ «Ճոպանուղու երկարությունը կկազմի 3 750 մետր, դրա կառուցումը կիրականացվի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական կազմակերպությանը պատկանող մասնավոր հողատարածքներում, որոնք գտնվում են Ակունք, Զովաշեն, Կոտայք եւ Հատիս գյուղերում»,- նշել է նա։ Կոտայքի մարզի խոշորացված Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանն իր հերթին վստահեցրել է, որ Կոտայք գյուղում երկու տարվա ընթացքում անշարժ գույքի գները 50-60 անգամ թանկացել են՝ դա, ըստ երեւույթին, կապելով արձանի կառուցման մեկնարկի հետ։Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանի բացումը, որի շինարարությունը սկսվել էր 2022թ., նախատեսված էր 2025թ. վերջին։ Տեղեկացվել էր, որ դա լինելու է Քրիստոսի ամենամեծ հուշարձանը աշխարհում։ Ընդհանուր բարձրությունը՝ ներառյալ պատվանդանը, կկազմի 77 մետր։ Արձանին հարող տարածքում նախատեսվում է բացել թանգարան, ճոպանուղի եւ այլ զբոսաշրջային օբյեկտներ։Ավելին, 2023թ. մարտից լեռան գագաթին հնագիտական պեղումներ են իրականացվում, որոնց ընթացքում հայտնաբերվել են կավե անոթներ, մետաղական նիզակի ծայրեր եւ այլ առարկաներ։ Դրանից հետո Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պահանջել է դադարեցնել ցանկացած գործունեություն լեռան գագաթին՝ ասելով, որ Քրիստոսի արձանը չի տեղադրվի այն տարածքում, որտեղ հայտնաբերվել են հնագույն ամրոցի հետքեր։ Նշենք, որ նախագծի նախաձեռնողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է։