ՀՀ նախագահը կարևորել է Ճապոնիայի հստակ դիրքոր...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Դեսպան Յուտական շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, բնական աղետների դիմակայման և այլ ոլորտներում փոխգործակցության ակտիվացման ու ճապոնական լավագույն փորձի կիրառման հեռանկարներին:

Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման շարունակական խթանումը: Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կարևորության վերաբերյալ:

Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը իր շնորհակալական խոսքն է հղել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և հիմնախնդիրները բանակցային եղանակով լուծելու հարցում Ճապոնիայի հստակ դիրքորոշման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական աջակցության համար: