Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ:
«Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: