ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում մասնակցում է Կառավարման...

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։

Ինչպես տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունը, մասնակիցները քննարկել են ցանցի ընթացիկ և առաջիկա աշխատանքներն ու ձեռքբերումները, Կառավարման խորհրդի նոր ռազմավարական ծրագրի մշակման հետ կապված և մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։

Անահիտ Մանասյանը նշել է, որ շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված` Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին։

2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել էր Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ` 1 տարի ժամկետով։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ էր ընդգրկվել եվրոպական ցանցի կառավարման մարմնում։