
Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարության շուրջ ստեղծված աղմուկի պատճառով բավական տգեղ դրության մեջ է հայտնվել հատկապես Սփյուռքում եւ հիմա նախարար Արայիկ Հարությունյանին պատկերավոր ասած՝ «տուն չի վերադարձնում» զուտ այն բանի համար, որ վերջինս կարողանա սփյուռքյան կառույցներին եւ առանձին հեղինակավոր գործիչների հասցնել ՀՀ ներկայիս կառավարության՝ Հայոց լեզու, Հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաների հետ կապված մոտեցման փոփոխությունը, որն արդեն հասցրել է վերաճել ու դառնալ պետության լեզվաքաղաքականության հետ կապված խնդիր։ Եթե երկրի ներսում քիչ թե շատ, շնորհիվ իր զոմբի զանգվածի, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ինչ որ կերպ պահել բալանսը եւ պարզաբանել, թե ինչ է ուզում անել կառավարությունն իրականում, Սփյուռքում ձախողանքը ակնհայտ է։
Սա պայմանավորված է նախ եւ առաջ հայաստանաբնակ եւ սփյուռքաբնակ հայության միջեւ ընկալումների տարբերությունների, իրականությունների տարբերությունների հետ։ Հայաստանում Փաշինյանին որոշակիորեն հարվածին դիմակայել հաջողվեց, որովհետեւ Հայաստանը մոնոէթնիկ եւ մոնոլինգուալ երկիր է, ու երկրի ներսում հայության համար լեզվի պահպանության խնդիր չկա, որպես բնակչության ճնշող մեծամասնություն կազմող էթնիկ խմբի։
Սփյուռքում դրությունը այլ է։ Սփյուռքում հայությունը էթնիկ փոքրամասնություն է ու որպես այդպիսին ունի լեզվի պահպանության լուրջ խնդիր։ Հայախոսությունը վտանգված է եւ ավանդական հին սփյուռքյան համայնքներում եւ նոր համայնքներում։ Ու այս պայմաններում թիվ մեկ խնդիրը սփյուռքահայության համար լեզվի պահպանությունն է, որպես հայապահպանության, ազգապահպանության բաղադրիչ։
Ուստի հասկանալի է, որ ՀՀ կառավարության մոտեցման փոփոխությունը հայագիտական առարկաների հանդեպ, թեկուզ եւ ոչ մասնագիտական ֆակուլտետների հետ կապված, չափազանց զգայուն է ընկալվում եւ անմիջականորեն կապվում է այնպիսի նուրբ թեմաների հետ, ինչպիսին հայախոսության պահպանությունն է։
Արայիկ Հարությունյանի համար, թերեւս այս նուրբ թեմաների շուրջ ճիշտ «նավարկելն» է, որ պետք է լինի թիվ մեկ առաջնահերթություն։ Առայժմ դժվար է ասել, որքանով կհաջողվի նրան դա, սակայն պարզ է մի բան, որ Հայկական Սփյուռքը կամ Հայկական աշխարհը կարեւոր դերակատար է ոչ միայն զուտ Հայաստանի համար, այլ նաեւ՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական պլանների։
Սա արդեն, չափազանց արագ ռուսական կողմին ադապտացված Նիկոլ Փաշինյանի համար արդեն լրջագույն խորհրդածելու առիթ է։ Մոսկվան լուրջ հաշվարկներ ունի կապված Մերձավոր Արեւելք, Հյուսիսային Աֆրիկա եւ այլուր վերադարձի եւ խորհրդային երբեմնի փառքի վերականգնման հետ կապված։ Դեռ Սիրիական կամպանիայի սկզբից էր հայտնի, որ այդ պլաններում Հայկական Սփյուռքն ունի իր դերակատարությունը, ինչպես որ մշտապես ռուսական արեւելյան քաղաքականության մեջ ունեցել է սկսած ցարական ժամանակներից։
Ռուսաստանը մշտապես բավական նրբանկատ կերպով է վերաբերվել Հայկական Սփյուռքին ու հիմա, դեռ Մոսկվայից ազդակներ չեն հնչել, թե լեզվաքաղաքականության հետ կապված պրոբլեմի վերաճած ու Սփյուռքն ալեկոծած գործողությունները, որոնք անում է ՀՀ կառավարությունը, որքանով է տեղավորվում աշխարհաքաղաքական ռուսական պլանների մեջ։ Ի վերջո, Արայիկ Հարությունյանը ռուսական մամուլում հրապարակված հայտնի ցանկի սորոսական գործիչներից է, որոնք Կրեմլի համար նկատվում են նվազ վստահելի։
Ու գալու է այն պահը, երբ գործող վարչապետը կանգնելու է լուրջ երկնընտրանքի առաջ, կամ բուհերին տված ինքնավարությունը օգտագործելով նահանջել, ու այդ կերպ հարցը կոծկել, կամ էլ ստիպված լինել որոշում կայացնել, որը կարող է եւ էականորեն տարբերվել ամբոխային հայտարարություններից։